13.07.2018 | 
Ուսանողական
«ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՆՁ». ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՆՁ». ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴԵԿԱՆԸ  ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից է:

Մկրտիչյանի հայրական պապը եղել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից:

 

Պրոֆեսորը երախտագիտությամբ պատմում է  ծնողների մասին, ովքեր այժմ էլ Ստեփանակերտում են ապրում  ու գործում. «Նրանք  միշտ ուշադրությամբ հետևել են իմ կրթությանը, քաջալերել ու ոգևորել են ինձ: Ես իմ ձեռքբերումների համար պարտական եմ նրանց»:

 

Մկրտիչյանը կարծում է, որ մարդիկ միշտ էլ կարոտում են մանկությունը: «Անհոգ տարիների նկատմամբ բոլորն էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեն»,- նկատում է նա:

 

 Դեկանը  նշում է, որ իր մանկությունը հարուստ է եղել հետաքրքիր պատմություններով ու հիշում  դրանից մեկը. «Մեր տունը շատ մոտ է այժմյան Արցախի պետական համալսարանին: Եվ  մի անգամ (հազիվ լինեի չորս տարեկան) տեսա, որ գառներ են անցնում մեր տան մոտով, վազեցի, բռնեցի մեկին ու տարա դեպի համալսարան: Հայրս, բարեբախտաբար, տեսավ, մոտեցավ ինձ ու հարցրեց՝  ուր եմ տանում գառներին, իսկ ես պատասխանեցի՝ տանում եմ, որ ինստիտուտ  ընդունվեն»:

 

Զվարճալի պատմությունից զատ՝ Ա. Մկրտիչյանը հիշում է այն կռիվների ու տարաձայնությունների մասին, որոնք տեղի էին ունենում հայերի ու ադրբեջանցիների միջև. «Երբ մասնակցում էինք որևէ  մրցումի, ադրբեջանցիները փորձում էին մեզ ճնշել ու վնասել, մենք մշտապես  կռվում էինք»,- պատմում է դեկանն  ու հավելում. «Այժմ, երբ հիշում եմ, զարմանում եմ՝ ինչպես ենք ողջ-առողջ դուրս պրծել այդ թոհուբոհից»:

 

Ա. Մկրտիչյանի բնորոշմամբ,  ղարաբաղցիներին հատուկ համառությունը փոխանցվել է իրեն: «Այն, ինչ ունեմ, փոխանցվել է գեներով,- ասում է նա ու հավելում,- մարդն առանց արմատների կամ  գեների գոյություն ունենալ չի կարող»:

 

Խոսելով իր անվան մասին՝ դեկանը պատմում է, որ  այն  Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանված  «Բոռը» ֆիլմից է. «Այդ ժամանակ ճանաչված ու  տարածված էր  այդ ֆիլմը: Գլխավոր հերոսը  Արթուրն էր, կարծում եմ` հենց հերոսի պատվին էլ անվանակոչել են ինձ»,- ամփոփում է նա:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: