11.07.2018 | 
Ուսանողական
«ՏԱՏՍ ԳՈԳՆՈՑԻ ԳՐՊԱՆՈՒՄ ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՉԻՐ ԷՐ ՊԱՀՈՒՄ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ ՏԱԼԻՍ ԷՐ ՄԵԶ». ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
«ՏԱՏՍ  ԳՈԳՆՈՑԻ ԳՐՊԱՆՈՒՄ  ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ  ՉԻՐ ԷՐ ՊԱՀՈՒՄ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ  ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ ՏԱԼԻՍ  ԷՐ ՄԵԶ». ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը ծնվել է Դիլիջան քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում.

«Հայրս մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրս՝ ռուսաց լեզվի: Հայրս ճանաչված էր իբրև  լավ մասնագետ և վաստակավոր ուսուցիչ»,- պատմում է դեկանը և նկատում. «Մինչև հիմա անծանոթ որևէ մեկին ներկայանալիս ասում եմ, որ Սահակյան Արտուշի որդին եմ. այդպես ավելի հեշտ են ինձ ճանաչում»:

 

Սահակյանը նշում է, որ ի սկզբանե պարզ է եղել մասնագիտության ընտրությունը. «Դեռ մանկուց ինձ  հեշտ էր տրվում թվաբանությունը: Երբ հարևանները որևէ  բան էին գնում կամ վաճառում, օգնականը ես էի»,- ժպիտով հիշում է նա:

 

Դեկանի հայրական պապը եղել է հյուսն, տատը՝ տնային տնտեսուհի, իսկ մայրական պապն ու տատը Երևանից  տեղափոխվել են Դիլիջան ու մշտական բնակություն  հաստատել: «Պապս թոքերի խնդիր է ունեցել, իսկ Դիլիջանը համարվում է լավագույն առողջարաններից մեկը` թոքերի հիվանդությամբ տառապողների համար»,- հավելում է Սահակյանը: 

 

Վերջինս  կարոտով նկարագրում է այն երկհարկանի հայրական տունը, որի առաջին հարկում ապրում էին տատն ու պապը, երկրորդում՝ ծնողները՝ իրենց երեք որդիների հետ. «Տատս  գոգնոցի գրպանում միշտ կոնֆետներ ու չիր էր պահում և ամեն անգամ երկրորդ հարկ բարձրանալիս տալիս էր մեզ»,- հիշում է նա:

 

Դեկանի վերհուշում կերպավորվում  է  լավաշ թխելու հանդիսավոր արարողությունը. «Տատս շարում էր հացի գնդերը, և քանի որ մենք թոնիր չունեինք, հացը թխում էր հարևանի տանը: Ամբողջ փողոցով տարածվում էր տաք հացի անուշ բույրը, իսկ մենք վերցնում էինք տաք լավաշը, կարագը հալեցնում, ավելացնում պանիրն ու համտեսում. կարծում եմ՝ դրանից ավելի համեղ բան չկա», - պատմում է Ա. Սահակյանը: 

 

Պրոֆեսորը հիշում է մանկությունը զարդարող  խաղերը. «Փողոցը մեր ձայնով, աղմուկ-աղաղակով էր լցվում»,- հուզմունքով նկատում է նա ու ափսոսում, որ այժմ  փողոցի ձայները լռել են. «Երբ գնում եմ հայրենի եզերք, բակերն այնպես դատարկ են թվում, երեխաները չեն խաղում, աղմուկ-աղաղակով չեն լցնում փողոցը.  հարևաններից շատերը  հեռացել են»:

Մանկության անբաժանելի մասը սիրահարվածությունն է, որի մասին Արթուր Սահակյանը պատմում է անթաքույց ժպիտով. «Սեր չէի անվանի, բայց սիրահարվածություն, իհարկե, եղել է. մի՞թե հնարավոր է մեկով չհիանալ,  մեկին չնայել կամ թաքուն  չհետևել. դրանք իհարկե անպատասխան, բայց քաղցր հուշեր են»,- ամփոփում է  դեկանը:


Անգին Խաչատրյան
Այլ նորություններ
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում:
#ԵՎՐԱՍԻԱ 2018. ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին մասնակցեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը: