20.02.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ Է ԳՈՐԾԵԼՈՒ
ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին և «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնի բացմանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

ԵՊՀ ռեկտորն իր խոսքում ասաց, որ այսօր ուրախալի օր է. «Ուղիղ 30 տարի առաջ մեր կյանքում տեղի ունեցավ բեկումնային շրջադարձ, որը կանխորոշեց մեր ժողովրդի և մեր անկախության գալիք ճանապարհը: Այս 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդը անցավ պայքարի, մաքառումների, կենսահաստատման մի փայլուն ճանապարհ, և այսօր մենք քաղում ենք Արցախյան գոյապայքարի նոր շրջանի պտուղները՝ նախևառաջ անկախ պետականության տեսքով: Մեր երկիրն այսօր անկախ է, ազատ: Ազատ է նաև Արցախը: Եվ մեր երկու հանրապետություններում մեծանում է սերունդ, որը ազատության ծնունդ է, որը պատրաստ է պայքարելու իր ազատության, իր երջանկության և սեփական ժողովրդի պայծառ ապագայի համար»:

 

 

Խոսելով ուսանողական նոր կենտրոնի մասին՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դրա ստեղծումը վաղուց սպասված իրողություն է. «Այն մեր ուսանողական կառույցների և ուսանողական ղեկավար մարմինների՝ դեպի Արցախ ուղղորդման գործունեության պտուղն է: Տարիների ընթացքում համալսարանականները և առաջին հերթին մեր ուսանողները բազմիցս տարբեր առիթներով եղել են Արցախում, որի արդյունքում նրանք նոր հայացքով ու նոր փիլիսոփայությամբ են մոտենում մեր պայքարին, մեր անկախությանը և մեր ազատությանը: Ուզում եմ համալսարանի ղեկավարության անունից ողջունել այն ուսանողներին, ովքեր հղացան այս միտքը և ստեղծեցին «Արցախի տուն» կենտրոնը»:

 

Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիր Հայրապետ Նավասարդյանի հավաստմամբ՝ կենտրոնի նպատակն է Արցախը ներկայացնել ոչ թե որպես ռազմական հակամարտության գոտի, այլ նպաստել Արցախի մշակութային ժառանգության, գիտական և կրթական գործունեության ճանաչմանը:

 

«Կենտրոնն իրողություն դարձավ իմ ընկերների և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի աջակցության շնորհիվ: «Արցախի տունն» իր կրթական գործառույթով կփորձի միավորել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի ուսանողությանը:

 

Կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ: Այսօր արդեն մեկնարկել է ադրբեջաներեն լեզվի ուսուցումը, որի նպատակը ազգային անվտանգության խնդիրների լուծմանն օժանդակելն է»,- մեզ հետ զրույցում փաստեց Հայրապետ Նավասարդյանը:

Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիրները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Հայրապետ Նավասարդյանը, Ռոմելա Գուլյանցը և Աննա Ցիցյանն են: Կենտրոնի խորհրդանիշը 3 նռներն են՝ Հայաստանը, Սփյուռքը և նրանց գրկում՝ Արցախը:

 

 

Նոր կենտրոնի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չէր ընտրված: 30 տարի առաջ՝ հենց այս օրը, ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է ադրբեջանական ԽՍՀ, հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:

 

Արցախյան շարժման 30-ամյակին և նոր կենտրոնի բացմանը նվիրված միջոցառման հանդիսավոր արարողության համերգային ծրագիրը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից, որի սաները հանդես եկան երգի, պարի կատարումներով, ինչպես նաև տարազների ցուցադրությամբ, որոնք տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը: Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկան նաև հայտնի երգչուհի Գայա Արզումանյանը և երգիչ Տիգրան Կարապետյանը:

 

«Արցախի տուն» կենտրոնի ծնունդը նշանավորվել էր նաև «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից տրամադրված գորգերի ցուցադրությամբ, որոնք զարդարել էին ԵՊՀ գրադարանի ճեմասրահը՝ ապահովելով մշակութային միջավայրը:

 

 

Միջոցառման ավարտին հանդիսավարներն աջակցության համար շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, նրա աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին, ԵՊՀ մշակույթի կենտրոնին, «Տերյան» մշակութային կենտրոնին, «Մեգերյան կարպետ» ընկերությանը և «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիե» ստուդիային:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: