19.02.2021 | 
Հասարակություն
«ԵԿԵ՛Ք ԼՍԵՆՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ ԵՎ ՓՈՐՁԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ». Ա. ՋՐԲԱՇՅԱՆ
«ԵԿԵ՛Ք ԼՍԵՆՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ ԵՎ ՓՈՐՁԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ». Ա. ՋՐԲԱՇՅԱՆ
Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և արդեն ավանդույթ դարձած գիրք նվիրելու տոնին, որին ներկա էր ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։

«Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ…» խորագիրը կրող միջոցառման ընթացքում 11-12-րդ դասարանի աշակերտներն արտասանեցին մեծն բանաստեղծի ստեղծագործությունները, երգեցին և հանդես եկան պարային համարներով: Ուսուցիչները նույնպես անմասն չմնացին՝ ասմունքելով Հովհաննես Թումանյանի քառյակներից։

 


Միջոցառման երկրորդ մասի սկզբում դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 152-ամյակին նվիրված միջոցառման և գրքի տոնի առթիվ՝ նշելով, որ օրվա խորհուրդը թևածում էր ողջ դպրոցում և ջերմությամբ լցնում հարազատ կրթօջախը։

 


«Թումանյանը եղել է, կա ու դարեր շարունակ լինելու է մեր սրտերում»,- ասաց նա և եզրափակեց խոսքն ասմունքով։


Միջոցառման ներկա ԵՊՀ դոցենտ Աշխեն Ջրբաշյանը նույնպես ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հրավերի ու միջոցառման կազմակերպման համար։ Նա ասաց, որ այս օրը ևս մեկ անգամ վկայում է, որ Հովհաննես Թումանյանն անմահ է և ապրելու է դարերով։


ԵՊՀ դոցենտը նշեց, որ հայ մեծագույն բանաստեղծը ստեղծագործում էր հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակաշրջանում, և նրա ստեղծագործություններն այս օրհասական պահին ավելի քան արդիական են։


«Թումանյանն ամենաբարձր պաշտոնը, կոչումը համարում էր «մարդ լինելը»։ Նա ասում էր՝ ամեն ինչ կարելի է դառնալ, բայց ամենադժվարը մարդ լինելն է։ Եկե՛ք բոլորս լսենք Թումանյանի պատգամը և փորձենք առաջին հերթին մարդ լինել»,- եզրափակեց իր խոսքը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչը և դպրոցի տնօրինության կողմից գիրք նվեր ստացավ։

 


Դպրոցում գիրք նվիրելու օրվա բացումը կատարած աշակերտը նշեց, որ գիրքն ամենաթանկարժեք նվերն է, այն նվիրում են դրա արժեքը հասկացողին։


Միջոցառման երկրորդ մասում դպրոցի աշակերտները գրքեր էին պատրաստել գրադարանին նվիրելու համար։ Դպրոցի տնօրենն ընտրեց լավագույն փաթեթավորմամբ գիրքը, բայց և նշեց, որ լավագույն գիրքն այն գիրքն է, որը շատ են կարդում։

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: