12.04.2018 | 
Հասարակություն
«ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՊՆԴՈՒՄԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԻՍԿԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ՄԵՂՔԸ». ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆԻ
«ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՊՆԴՈՒՄԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԻՍԿԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ՄԵՂՔԸ». ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆԻ
Այն, որ Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիան նույնպես իր մեղքի բաժինն ունի, դա փաստ է, որը 2016 թվականի հունիսի 2-ից արդեն պաշտոնապես ընդունում են նաև հենց իրենք՝ գերմանացիները:

Օրեր առաջ գերմանական«Deutsche Welle» լրատվամիջոցը, զեկույց էր հրապարակել այն մասին, որ Օսմանյան Թուրքիային Հայոց ցեղասպանության իրականացման համար ոչ միայն զենք է տրամադրվել, այլև ոճիրը մշակելու հարցում գաղափարապես օգնություն ցուցաբերվել:


Հայկական լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադարձան այդ զեկույցին, բայց ցուցաբերելով անհիմն ու անտրամաբանական մոտեցում, ինչը Հայոց ցեղասպանության թեմայի դեպքում, կարծում ենք, որ անփույթ մոտեցում է:

 

Գերմաներենի մասնագետ, պատմաբան և պրոֆեսոր Աշոտ Հայրունին, ով հնարավորություն է ունեցել աշխատելու գերմանական արխիվներում պահպանված Հայոց ցեղասպանության մասին պատմող արժեքավոր փաստաթղթերի հետ, մանրամասն մեկնաբանում է «Deutsche Welle»-ի զեկույցը:

 

- Պարո՛ն Հայրունի, հայ մասնագետների համար որքանո՞վ են հասանելի Հայոց ցեղասպանության մասին գերմանական արխիվներում պահպանվող փաստաթղթերը:

 

Հայ մասնագետներին գերմանական արխիվները հասանելի են այնքանով, ինչքանով դրանք պահպանվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

Բարեբախտաբար, Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվներից մեկի նյութերը հիմնականում անվնաս են պահպանվել: Այդ նյութերը փաստավավերագրական մեծ նշանակություն ունեն:

 

Մինչև 1995 թվականն ուսումնասիրողի համար հասանելի էր ժողովածուներից միայն մեկը, որը Յոհաննես Լեփսիուսի կողմից հրատարակվել էր դեռևս 1919 թվականին: Հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսն իր ծավալած գործունեությամբ փորձել է օգտակար լինել արևելքի քրիստոնյաներին: Նա աշխարհի ուշադրությունը սևեռել է հատկապես Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի ջարդերի վրա:

 

Յոհաննես Լեփսիուսի դերը Հայոց ցեղասպանությունը փաստագրելու գործում անգնահատելի է:

 

Տասնամյակներ շարունակ ոչ ոք չէր մտածում, որ Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվում հնարավոր է նյութեր լինեին, որոնք դեռևս հրատարակված չէին:


Երբ աշխարհամարտն ավարտվեց, Յոհաննես Լեփսիուսըտարագրության մեջ էր: Հայկական խնդիրների ուսումնասիրության համար նա ստիպված էր հայտնվել կամավոր տարագրության մեջ դեռևս 1917 թվականից՝ մեկնելով չեզոք երկիր՝ Հոլանդիա:


Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Յոհաննես Լեփսիուսըեկավ Բեռլին և Գերմանիայի արտգործնախարարությանը խնդրեց, որ Հայկական հարցին վերաբերող փաստաթղթերն իրեն հասանելի դարձնեն: Խնդիրը մեկն էր՝ ուսումնասիրել, թե ինչ բովանդակությամբ հաղորդագրություններ են այդ ժամանակ միմյանց ուղարկել գերմանացի դիվանագետները: Գերմանական կայսրության այդ տարիների արտաքին գործերի քարտուղար, դոկտոր Վիլհելմ Զոլֆը Լեփսիուսին հանձնարարում է հրատարակել «Սպիտակ գիրքը»:

 

- Ինչո՞ւ էր Գերմանիայի արտգործնախարարության համար Յոհաննես Լեփսիուսն այդ հարցով զբաղվելու ամենահարմար թեկնածուն:

 

Յոհաննես Լեփսիուսը և՛ թշնամի երկրներում, և՛ չեզոք երկրներում հայտնի էր որպես անկաշառ մարդասեր: Եվ եթե ինքը լիներ այդ հրատարկաման հեղինակը, ապա նյութի իսկությունը կասկածի տակ չէր դրվի: Արտգործնախարարությանն էլ պետք էր այդ հրատարակության միջոցով ցույց տալ, որ ինքը հայկական ջարդերին մեղսակից չէ, ինչը պնդում էին Անտանտի երկրները:

Ուսումնասիրություններից հետո Յոհաննես Լեփսիուսը 1919 թվականին այդ թղթերը հրատարակեց:

 

Հենց առաջին 50 օրինակները նա Ավետիք Իսահակյանի միջոցով ուղարկեց Փարիզում գտնվող հայկական պատվիրակության անդամներին, ովքեր մասնակցում էին Փարիզի խաղաղության համաժողովին:

 

Մինչև 1994 թվականը ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Լեփսիուսին չեն տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

Առաջին մասնագետը, ով մտածեց այդ հարցի մասին, Վարդգես Միքայելյանն էր: 1989 թվականին գերմանական արխիվներում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրման համար Վարդգես Միքայելյանը մեկնեց Բոն: Գերմաներենի իմացությունը նրան հնարավորություն տվեց կարճ ժամանակում հավաքել ավելի քան 3500 արխիվային միկրոկադրեր, իսկ 1995-ին նրա կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913–1919). Материалы Политического архива м-ва иностр. дел Кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում տեղ են գտել 1000-ից ավելի արխիվային նյութեր:

 

2004 թվականին ժողովածուն հրատարակվեց գերմաներեն և ուղարկվեց Բեռլին:

 

Փաստորեն, բազմաթիվ կարևոր փաստաթղթեր, որոնք արժեքավոր էին, համարյա 70 տարի «քնած» էին մնացել:

 

Բոլորի համար զարմանալի էր այն, որ 2005 թվականին գերմանական Բունդեսթագը «հանկարծ» անդրադարձավ Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Հայերի կողմից նախապատրաստական, ինչպես նաև նույնիսկ լոբբիստական աշխատանքներ չէին արվել. Գերմանիայում հայերը քիչ են, թուրքերը՝ շատ և ազդեցիկ: Պատմաբաններից և քաղաքագետներից ոչ մեկը չէր սպասում, որ Գերմանիայի խորհրդարանը կսկսի զբաղվել այդ հարցով: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ելույթ ունեցան՝ ասելով, որ տեղի է ունեցել ցեղասպանություն:

Սա առաջին հերթին Վարդգես Միքայելյանի հրատարակած ժողովածուի շնորհիվ էր, որովհետև բոլոր ելույթների ժամանակ արված հղումները հենց այդ ժողովածուից էր:

 

Իսկ 2006 թ.-ին գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստը հրատարակեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի երրորդ ժողովածուն: Գուստի մեծ ծառայությունն այն էր, որ նա, համեմատելով Լեփսիուսի հրապարակումները և բնօրինակները, վերականգնեց բնօրինակային հրատարակությունը: Այսինքն՝ նրա կայքէջում մենք կարող ենք տեսնել այդ նույն փաստաթղթերի բնօրինակները:

 

Փաստորեն հիմա մենք ունենք երեք ժողովածու՝Լեփսիուս, Միքայելյան՝ իմ խմբագրությամբ և Գուստ, որոնք լրացնում են միմյանց և ծանրակշիռ փաստավավերագրական հիմք են ցեղասպանության մասին ուսումնասիրություններ կատարելու համար:

 

- Ինչո՞վ են արժեքավոր Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հենց գերմանական սկզբնաղբյուրները, եթե, օրինակ, դրանք համեմատենք ամերիկյան կամ բրիտանական սկզբնաղբյուրների հետ: 

 


Օսմանյան կայսրությունում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող երկրներից 
Գերմանիան միակ երկիրն էր, որԱռաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական կառավարությունից ստացել էր թվայնացված հեռագրեր ուղարկելու իրավունքը: Այսինքն՝ գերմանական դիվանագետները սովորական տառերով չէին գրում իրենց հեռագրերը, այլ՝ գաղտնալեզվով, որն իրենք էին հորինել: Այդ թվային հեռագրերը ուղարկվում էին Բեռլին, Բեռլինից էլ դարձյալ թվային հեռագրեր էին գալիս: Գերմանացի դիվանագետները վստահ էին, որ թուրքական ռազմական գրաքննությունը, եթե նույնիսկ գտնի այդ հեռագրերը, ապա ոչինչ չի հասկանա, դրա համար էլ նրանք այդ հեռագրերը գրելիս ազատ էին ու անկաշկանդ: Կարող էին գրել այն, ինչ ուզում են, նկարագրում էին իրենց տեսածը, չէին վարանում նույնիսկ թուրքական կառավարության որոշ անդամներին կամ հենց կառավարությանը վարկաբեկիչ մակդիրներով անվանել, օրինակ՝ «փքված գորտ, որը գետնին կփռվի, եթե մենք իրեն չօգնենք» և այլն, մինչդեռ ամերիկացիները, բրիտանացիները և մյուսները միշտ պետք է հաշվի նստեին թուրքական ռազմական գրաքննության հետ: Այդ պատճառով էլ նրանք զուսպ էին գրում, հաճախ բուն ասելիքը տողերի արանքում էր, իսկ հիմնականում հեռագրերը միջանկյալ բովանդակությամբ էին:


Երկրորդ պատճառն այն է
, որ Գերմանիան, ունենալով համեմատաբար մեծ հյուպատոսություն Օսմանյան Թուրքիայում, հատկապես երկրի խորքերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ուներ առավել լայն տեսադաշտ:


Դրանց մյուս կարևոր նշանակությունը պայմանավորված է նրանով
, որ եթե թուրքերը կարող են մեղադրել ամերիկացիներին կամ ասենք ռուսներին կեղծ տեղեկատվության տարածման կամ կողմնակալության մեջ, ապա գերմանացիների դեպքում այս ամենը տրամաբանական չէ, որովհետև գերմանացիների հետ իրենք դաշնակիցներ են եղել, և միտումնավոր կեղծ նյութեր հրատարակելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ ցանկություն պետք է չլինի:


-Վերջերս գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը լրագրող Վոլֆգանագ Լանգրեբերի ուսումնասիրությունից մի զեկույց հրապարակեց, ըստ որի՝ Գերմանիան ոչ միայն թուրքական բանակին զենք է տրամադրել, այլ նաև ջարդերի «գաղափարական հիմքն» է դրել: Իսկ ի՞նչ են պատմում այդ մասին գրված պատմական փաստերը:




Հայ, թուրք, արաբ, բնակչության շրջանում խոսակցություններն են պտտվում
, որ Գերմանիան է կազմակերպել և թելադրել հայերի կոտորածը: Սրանք ժողովրդի բերանում պտտվող խոսակցություններ են, որոնց մասին փաստեր չկան:


Մեղսակցության չփաստարկված պնդումը
կբեռնաթափի իսկական մեղավորի մեղքը: Այս պնդումը ստվերում է թուրքերի մեղքը: Միշտ պետք է խուսափել մեղսակցության չհիմնավորված պնդումներից:


1870-ական թվականներին
 Օսմանյան պետության բանակի զինումն ու արդիականացումը եղել են գերմանական երախտիք: Այդ հարցում իր «անգնահատելի» ներդրումն ունի Կոլմար ֆոն դեր Գոլցը:

 

«Գոլց փաշա» կամ «թուրքական բանակի հայր». այսպես են  նրան բարեկամաբար անվանում թուրքերը: Օսմանյան կայսրության հետ կայսերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում Կոլմար ֆոն դեր Գոլցը Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավարն է եղել։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը։ 1909 թվականից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914 թվականից՝ թուրքական սուլթանի գեներալ համհարզ։ 1915 թվականի ապրիլից գլխավորել է թուրքական 1-ին, իսկ հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք Սիրիայում և Միջագետքում գործում էին Անտանտի զորքերի դեմ: Գոլցը գերմանական զենքով զինեց ողջ թուրքական բանակը:

1870-ականների վերջին աշխարհն արդեն բաժանված էր, և Օտտո Բիսմարկը թքած ուներ գաղութների, ինչպես նաև Թուրքիայի վրա: 

 

«Ես ամբողջ Թուրքիան չեմ փոխի մեկ պոմերական հետևակայինի ոսկորների հետ»,- սրանք Բիսմարկի հայտնի խոսքերն են Թուրքիայի մասին, ինչը նշանակում էր, որ երկաթյա կանցլերի համար իր մեկ զինվորի կյանքն ավելի թանկ էր, քան ամբողջ Թուրքիան:

Ամեն ինչ փոխվեց 1880-ականների սկզբից: Փառասեր կայսեր Վիլհելմ Երկրորդը մի կողմ դրեց Բիսմարկի քաղաքականությունը և սահմանեց, որ Գերմանիան դեռևս չի գտել իր տեղն արևի տակ:

Գերմանիան պետք է համաշխարհային ազգ դառնար, ծավալվեր ու ընդարձակվեր: Համաշխարհային ազգ դառնալու Գերմանիայի գաղափարը դարձավ պաշտոնական և կիսապաշտոնական հրապարակային քննարկման առարկա, ինչպես նաև առաջ քաշվեց այն տեսակետը, որ Գերմանիան պետք է ընդարձակվի դեպի Մերձավոր Արևելք: Իսկ Արևելքում ամենամեծ խաղացողն Օսմանյան Թուրքան էր:


1889 թվականին Վիլհելմ Երկրորդն առաջին անգամ գնաց Թուրքիա:
Աբդուլ Համիդըև Վիլհելմ Երկրորդը ստորագրեցին մերձեցման առաջին պայմանագրերը: Հաշված տարիների ընթացքում բազմապատկվեցին երկու երկրների էքսպորտն ու իմպորտը, սկսվեց թուրքական բանակի վերազինման աշխատանքները: Եվ այս ամենը կայսրը արեց բարոյականության բոլոր նորմերի ոտնահարմամբ:


Վիլհելմ Երկրորդը
Դամասկոսում ելույթ ունենալու ժամանակ իր անվերապահ աջակցությունը խոստացավ աշխարհի 300 միլիոն մահմեդականներին: Մի բան, որը քրիստոնյա որևէ թագավորի համար լսելն անգամ սարսափելի էր, այն դեպքում, երբ հայեր էին կոտորվել:

 

Սուլթանի հետ բարեկամությունն այդ կոտորածների մասին լռելու արդյունքն էր:

 Անի Պողոսյան 

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: