06.03.2018 | 
Հասարակություն
«ԴԵՂԱՏՈՄՍԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՍԱԿԱՅՆ ԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
«ԴԵՂԱՏՈՄՍԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՍԱԿԱՅՆ ԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
Մարտի 1-ից ՀՀ քաղաքացիները Հայաստանում գրանցված մոտ 4.700 անուն դեղից դեղատոմսով կարող են գնել 2.700-ը: Պարտադիր պահանջը գործում է հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Իսկ ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:

 

Դեղատոմսով դեղերի վաճառքի անհրաժեշտության և այդ գործընթացից բխող հետևանքներին է անդրադարձել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

 

«Դեղատոմսերով դեղերի վաճառքը, անկասկած, կարևոր և պահանջված գործընթաց է: Աշխարհի զարգացած երկրներում դա ընդունված նորմ է: Դեղերի մի մեծ ցանկ կա, որը պետք է միմիայն բժիշկի ցուցումով օգտագործվի: Մասնագետների խիստ վերահսկման կարիք ունեն դեղի տեսակի, չափաբաժնի, մի քանի դեղերի հաջորդականության, համատեղելիության և էլի մի շարք հարցեր: Բժիշկը նախ պետք է զննի հիվանդին, որոշի՝ հիվանդության ինչ փուլում է, հաշվի առնի տվյալ հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններ և այլ գործողություններ, որից հետո միայն դեղատոմս գրի: Իհարկե, դեղատների աշխատողները կարող են ուղղորդել հիվանդին, սակայն դա բավարար չէ: Ի վերջո, ոչ բոլոր դեղատների աշխատողներն են ստանում համալսարանական կրթություն, ուստի՝ կոմպետենտ լինել չեն կարող: Կարծում եմ՝ մեծ բացթողում է եղել, որ մինչ այժմ մեր հանրապետությունում այդ կարգը չի գործել»,- նշեց ԵՊՀ պրոֆեսորը:

 

Աշոտ Սաղյանը հավելեց նաև, որ չնայած գործընթացը կարևոր է և անհրաժեշտ, այնուամենայնիվ, լի է վտանգավոր հետևանքներով:

 

«Այսօր հաշվի առնելով դեղաշուկայի, ընդհանուր տնտեսության, ինչպես նաև քաղաքացու սոցիալական վիճակը՝ կարող է մի շարք բացասական հետևանքների պատճառ դառնալ: Մասնավորապես՝ լուրջ խնդիրներ կծագեն, եթե բժշկի ծառայություններն անվճար չլինեն, քանի որ մեր քաղաքացիների գերակշռող մասը՝ սոցիալապես անապահով և միջին խավը, ֆինանսական դժվարություններ կունենան դեղերի ձեռքբերման գործընթացում: Ծառայությունների անվճար լինելու դեպքում առաջ կգան կոռուպցիոն ռիսկեր: Իրականում մեր երկիրը և հասարակությունը պատրաստ է այդ փոփոխությունների: Դրանք պետք է աստիճանաբար լինեն՝ բացառելով ու շտկելով ընթացիկ խնդիրները: Դեղերի գները գնալով աճում են, իսկ թոշակառու մարդը, որը կողմնակի եկամուտ չունի և չի կարող առանց դեղի գոյատևել, ոչ միայն ֆինանսական խնդիրներ կունենա, այլև ավելորդ քաշքշուկների մեջ կընկնի: Նմանատիպ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու համար նախևառաջ համակարգային փոփոխություններ են պետք, որոնք ներառում են կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված աշխատանքներ, բժիշկ-դեղատուն-հիվանդ առողջ հարաբերություններ: Համոզված եմ, որ եվրոպական որևէ երկրում այս հարցերի շուրջ չեն էլ մտածում, սակայն Հայաստանում դեռևս գործում են հետխորհրդային որոշ բարքեր ու սովորություններ, որտեղ մարդիկ անկախացումից հետո գրեթե անմարդկային պայմաններում փորձել են ցանկացած գնով գոյատևել: Դա նշանակում է՝ այն մարդը, ով փող ունի, կնախընտրի ուշ ժամին շտապ օգնության բժշկի դժգոհ վերաբերմունքից խուսափելու կամ տարածքային պոլիկլինիկաների հերթերում ժամերով կանգնելու փոխարեն թղթադրամ դնել բժշկի գրպանը և վերցնել իրեն անհրաժեշտ դեղատոմսը: Խնդիրներն էլ ավելի կսրվեն, երբ դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը հետզհետե ընդլայնվի՝ ներառելով առաջին անհրաժեշտության շատ դեղեր»:

 

Զրույցի վերջում մասնագետը, այնուամենայնիվ, ընդգծեց, որ գործընթացն անհրաժեշտ է և կարևոր, քանի որ ոչ ճիշտ դեղերի և ոչ ճիշտ չափաբաժինների օգտագործելու դեպքում հետևանքները շատ հաճախ լինում են անուղղելի և ճակատագրական:

 

Հարցազրույցը վարեց

  Վարդուհի Զաքարյանը

Այլ նորություններ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
Այսօր Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները և «Ռեստարտ» ուսանողաքաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էին համաֆակուլտետային հանդիպում-քննարկում: