15.05.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկի հետ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, ներկայացուցիչներ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներ տարբեր ֆակուլտետներից։ 



Հանդիպման սկզբում Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու «ACCA» միջազգային ծրագրին, որը թույլ կտա աշխատանք գտնել աշխարհի տարբեր երկրներում:

«ACCA»-ի Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկը և Աշխատակիցների հետ տարվող բաժնի ղեկավար Յուլիա Անդրիենկոն ողջունեցին ներկաներին ու պատմեցին ասոցիացիայի կողմից տրվող հնարավորությունների մասին:



Յուլիա Անդրիենկոն ասաց, որ ծրագրի լեզուն անգլերենն է, և նախագծի կողմից տրված հավաստագիրը գործում է աշխարհի 180 երկրներում:

«Այս պահին մեր ծրագրով սովորում են 500 հազարից ավելի ուսանողներ, իսկ 218 հազարն արդեն ունեն որակավորում և հնարավորություն՝ աշխատելու տարբեր երկրներում»,- նշեց նա:



Բանախոսներն ուսանողներին ներկայացրին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի հավաստագիր ստանալու, ուսման տևողության և քննությունների մանրամասները. «Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 13 քննություն, էթիկայի մոդուլ, ինչպես նաև ունենալ 3 տարվա աշխատանքային փորձ, որը կարելի է ձեռք բերել հընթացս»:

Հանդիպման ավարտին ուսանողները հարցեր հղեցին հյուրերին և ծրագրի մասին ավելին իմանալու ցանկություն հայտնեցին, ինչի համար նրանց խորհուրդ տրվեց այցելել «ACCA» պաշտոնական կայքէջ:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրում:
ԵՊՀ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնում այսօր դասախոսություններով հանդես եկան Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ Լի Սյան, Յույ Խունլյանը, Տան Չժի Ցաոն և Խուան Յունգուանը: