03.10.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԻԼՅԱՅԻ «ԱԹԱԼԱՅԱ» ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԻԼՅԱՅԻ «ԱԹԱԼԱՅԱ» ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Սևիլյայի «Աթալայա» թատրոնի ղեկավարին և դերասաններին:

Հյուրերը Երևան են ժամանել «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին մասնակցելու համար, որի շրջանակում ներկայացրել են իսպանական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Ֆերնանդո դե Ռոխասի «Սելեստինա» ներկայացումը:

«Աթալայա» թատերախումբը Սևիլյայում գործող թատերախումբ է և արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում նաև ստացել է թատրոնի ազգային մրցանակը: Թատերախումբն իր գործունեության ընթացքում հասցրել է ներկայանալ շուրջ 2200 ներկայացմամբ և հյուրընկալվել աշխարհի ավելի քան 500 քաղաքներում:

 

 

 Հյուրերը, որոնց թվում էր նաև «Աթալայա» թատրոնի տնօրեն Ռիկարդո Ինիեստան, ԵՊՀ էին ժամանել Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հրավերով:  Հանդիպում-քննարկման ժամանակ ներկաներն անդրադարձան մի շարք գեղարվեստական և սոցիալական թեմաների, խոսեցին  Ֆերնանդո դե Ռոխասի «Սելեստինա» ստեղծագործության գեղարվեստական արժեքի մասին:

 

Թատրոնի ղեկավար Ռիկարդո Ինիեստան նշեց, որ այս ստեղծագործության բացառիկ արժեքն այն է, որ վերջինիս արծարծած թեմաները, ինչպես օրինակ՝ կանանց իրավունքների և սոցիալական անհավասարության խնդիրները, հիմա էլ շարունակում են ակտուալ մնալ: Բացի դրանից՝ սրանք թեմաներ են, որոնք հարցի քննարկումը  տեղափոխում են նաև սոցիալական հարթակ՝ շոշափելով արդեն հասունացած սոցիալական խնդիրները:

Խոսելով այդ սոցիալական խնդիրների բարձրաձայնման կարևորության մասին՝ հյուրերը ներկայացրին նաև «Caravan Next» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց լսելն ու տեսանելն է՝  թատրոնն օգտագործելով որպես կարևորագույն գործիք:

 

Ծրագրի շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև համայնքային թատրոնի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն է կտա բարելավվելու հասարակությունից օտարված կամ առանձնացված մարդկանց կյանքի որակը:

Վերջում հյուրերն առանձնահատուկ նշեցին, թե ինչքան կարևոր է ժամանակակից տարրերի ներմուծումը ներկայացման մեջ: Հատկապես կարևոր են  հագուստի, բեմական լույսի, լեզվի և լեզվական շեշտերի ճիշտ ընտրությունները:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին:
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա մեղադրանքներին անդրադարձել է Մարատ Գրիգորյանը: