22.12.2020 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան լսարանի բացումը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրը, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

 

Հյուրերին ողջունեց և շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

 

Վերջինս բարձր գնահատեց ԵՊՀ-ի և Հայաստանում Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորված բարեկամական համագործակցությունը, որի շնորհիվ հրատարակվել է երեք հիմնարար գիրք՝ Ղազախական գրականության անթոլոգիան, Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպի երկրորդ հրատարակությունը և Աբայի «Սև խոսքեր» պոեմը, որը հայերեն է թարգմանվել առաջին անգամ. «Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ սերտ կապերի շնորհիվ ԵՊՀ-ի և ղազախ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը մշտապես գտնվում է ղազախական և հայկական կողմերի ուշադրության կենտրոնում»:

 

 

Վերոնշյալի վառ ապացույցը, ըստ պրոռեկտորի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Երևանի պետական համալսարանի թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանին «Բարեկամություն» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրումն է: 

 

«Սա փաստում է Հայաստան-Ղազախստան երկարամյա համագործակցության իրական արդյունքների բարձր գնահատականի մասին: Շնորհավորում ենք Շուշանիկին և մաղթում նրան նոր հաջողություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարգելի վարպետ Թիմուր Ուրազաևին և մեր բոլոր գործընկերներին»,- ամփոփեց Ա. Իսրայելյանը: 

 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն անդրադարձավ երկու կողմերի միջև համագործակցության զարգացման ուղիներին․ «Մեր նպատակը Երևանի պետական համալսարանի հետ մեր համագործակցությունը զարգացնելն է՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Երևանի պետական համալսարանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջմշակութային հարաբերությունների ամրացման ու գիտակրթական զարգացման գործընթացում: Մեր կարծիքով, երկու երկրների միջև մշակութային և հասարակագիտական համագործակցությունն ամենակարևորն է»։ 

 

 

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև բանաստեղծ Վարուժան Խաստուրին, Արման Սաֆարյանին՝ պոեմի թարգմանության և անձնվեր աշխատանքի համար, և պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին։ 

 

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, անդրադառնալով հայ-ղազախական բարեկամությանը և ԵՊՀ-ի հետ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան սերտորեն համագործակցությանը, խոսեց պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի՝ հայ արևելագիտական դպրոցի միջազգայնորեն ճանաչման և առաջխաղացման գործում ունեցած կարևոր ներդրման մասին, ինչպես նաև պատմական անդրադարձ կատարեց՝ ներկայացնելով բանաստեղծներ Գևորգ Էմինի և Սիլվա Կապուտիկյանի՝ հայ-ղազախական համագործակցության մեջ ունեցած վիթխարի դերը:

 

 

«Երևանի պետական համալսարանը եղել է և կլինի համագործակցության կարևորագույն խթան ՀՀ և Կենտրոնական Ասիայի երկրների միջև, և հույս ունենք, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնել իր սահմանները»,- ամփոփեց Ա. Սաֆարյանը:

 

Նշենք, որ հանդիպման ավարտին հայ-ղազախական համագործակցության զարգացման և բեղումնառատ աշխատանքի համար ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը գովասանագրեր շնորհեց ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանին և բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրին:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: