29.05.2017 | 
Գիտություն
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ավետիս Ահարոնյան-150. գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը:

Երևանի պետական համալսարանի, ՀՀ Սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության համագործակցության շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր արժևորել վաստակաշատ գրողի գրական, հասարակական գործունեությունը, ով մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին Հանրապետության կայացման համար։ Գաղտնիք չէ, որ նրա գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին:

 

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, գրականագետներ, պատմաբաններ և ուրիշներ:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը երկար տարիների համագործակցության համար և նշեց, որ Ավետիս Ահարոնյանի գործունեությունը վերլուծող այս ժողովածուն լավագույն աշխատանքներից մեկն է. «Ե՛վ խորհրդային շրջանում, և՛ հիմա մենք ունենք տարբեր տեսակի կոչումներ, բայց կա մեկը, որն ունի առանձնակի նշանակություն: Այն ազգի նվիրյալի կոչումն է, իսկ Ահարոնյանը եղել է նվիրյալ: Մեր երիտասարդությունն այսօր այլ հերոսներ ունի։ Կան երևելիներ, որոնց մասին շատերը չգիտեն: Մենք պետք է այդ մարդկանց հիշողության փոշին հանենք։ Պետք է ամեն ձևով քարոզենք նրանց և նրանց գործերը»։

 

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Նարե Միքայելյանը փաստեց, որ գրողի արժևորումը չի հասել իր գագաթնակետին. «Ժողովածուում տեղ գտած հոդվածներով փորձ է կատարվել բացահայտելու Ահարոնյանի կյանքի որոշ փակ էջեր: Թեև նախկինում նման փորձեր կատարվել են, բայց այս ժողովածուն գալիս է ցույց տալու մի անհատի, ով երկար ճանապարհ է անցել, արել հնարավորն ու անհնարը գրականագիտական մտքի զարգացման գործում»:

  

 

Տեղեկացնենք, որ ժողովածուն կարող է օգտակար լինել ինչպես մասնագետների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Ավետիս Ահարոնյանի գրական և ազգային-պետական գործունեությամբ:

 

Գրքի շնորհանդեսին հաջորդեց գրող Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի տրամադրման արարողությունը։ Այդ կրթաթոշակը տրվում է Հակոբ Կարապենցի կտակով սահմանված կարգով։ Արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ունենում արժանանալու այս կրթաթոշակին:

 

Ստորև ներկայացնում ենք 2016-2017 ուստարվա մրցանակակիրներին՝

Վահագն Ամիրջանյան - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս

Առլինա Սարգսյան - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս

Աննա Թորոսյան - ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս

Լուսինե Աթաբեկյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,  3-րդ կուրս

Համլետ Ղուկասյան - Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 4-րդ կուրս

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: