21.04.2017 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ուսանողական օլիմպիադա-2017»-ի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ները և Երիտասարդ պատմագետների միությունն ապրիլի 13-ին կազմակերպել էին ուսանողական հանրապետական օլիմպիադա:

 

Օլիմպիադային մասնակցել են Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական), Շիրակի պետական համալսարանների, ինչպես նաև այլ բուհերի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ:

 

Հարցատոմսում ներառված էին աշխարհագրության, արտասահմանյան գրականության, դիվանագիտության և պատմության ոլորտի մի շարք հարցեր:

 

«Մեր հիմնական նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ փորձելու ընդհանուր գիտելիքների պաշարը, ինչու ոչ, նաև նոր գիտելիքներ ստանալ հարակից մասնագիտություններից: Ի վերջո, ԵՊՀ-ում երիտասարդները ակադեմիական կրթություն են ստանում, իսկ համալսարանական կրթությունը չի սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքներով»,- ասում է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, օլիմպիադայի համակազմակերպիչ Անի Հակոբյանը:

 

Այսօր Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներն ամփոփեցին ուսանողական օլիմպիադայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին:

 

1-ին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Վեներա Ատլուկյանը, 2-րդ տեղում է Շիրակի պետական համալսարանի ՈՒԳԸ փոխնախագահ Օֆելյա Ավետիսյանը, իսկ 3-րդ հորիզոնականում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Ռաֆայելյանն է:

 

«Շատ ողջունելի նախաձեռնություն է, ինչի համար շնորհակալ եմ մեր ավագ ընկերներին: Իհարկե, հարցերը բավականին բարդ էին, սակայն ուրախ եմ, որ կարողացա լավագույնը ճանաչվել»,- նշեց ուսանողական օլիմպիադայի հաղթող Վեներա Ատլուկյանը և հավելեց, որ օլիմպիադան իրեն նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն տվեց:

 

 

Հաղթողներն արժանացան պատվոգրերի, ստացան ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներ, արտասահմանյան գրականության գրքեր և այլ արժեքավոր նվերներ: Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր:

 

«Իհարկե, մենք ավելի լավ արդյունքների էինք սպասում, սակայն, արդարության համար պետք է նշել, որ հարցերը միջինից բարդ էին: Արդյունքում 19 ու 20 միավոր չի գրանցվել, ինչը, անկասկած, խոսում է օլիմպիադան բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու մասին»,- վստահեցնում է Անի Հակոբյանը:

 

Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ինչպես նաև այլ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին ուսանողական նախաձեռնությունը: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ոնեցավ միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի պաշտոնական բացմանը:
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ  ԼԻԴԵՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ: