Օգոստոսի 22-ին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսորԿարեն Ղամբարյանը Ստոկհոլմում Առաջատար նյութերի միջազգային միության կողմից նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնիկայի, կիսահաղորդչային նյութագիտության ուսումնասիրության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս տարի ոսկե մեդալ է շնորհվել 24 գիտնականի:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում եմ Առաջատար նյութերի միջազգային միության հետ: Նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որ աշխատանքներս ուսումնասիրվել են և այդպիսի բարձր գնահատականի արժանացել: Անկասկած, շատ հաճելի է: Հպարտ եմ նաև, որ կարողացել եմ միջազգային ակադեմիական միջավայրում ևս մեկ անգամ հնչեցնել Հայաստանի և մասնավորապես Մայր բուհի անունը, ինչը մինչ օրս չէր արվել»,- ասում է Կարեն Ղամբարյանը:
Պրոֆեսորը հավելեց նաև, որ միության տարեկան մրցանակաբաշխությունը կայացել է օգոստոսի 21-25-ը Ստոկհոլմում անցկացվող Եվրոպական առաջատար նյութերի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ իրեն բախտ է վիճակվել նաև բանավոր զեկույց ներկայացնել և ղեկավարել գագաթնաժողովի բաժանմունքներից մեկը:
Նշենք, որ միջազգային միությունում ընդգրկված են 146 երկրների մոտ 50.000 գիտնականներ, այդ թվում՝ Հայաստանը՝ ի դեմս Կարեն Ղամբարյանի: