26.02.2016 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
«Գրքարվեստ» ամենամյա մրցույթում ԵՊՀ հրատարակչությունը մրցանակներ է ստացել մի քանի անվանակարգերում:

Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում արդեն 8-րդ անգամ տեղի ունեցավ «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացվում էր 9 անվանակարգերում:

Մրցույթի նպատակն է գրահրատարակչական արտադրանքի մշակույթի մակարդակի բարձրացումը, գրքարվեստի զարգացումը, գրահրատարակիչների միջև համագործակցության ու մրցակցության խթանումը, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչությունը և այլն:

Այս տարի ևս ԵՊՀ հրատարակչությունը մասնակցում էր մրցույթին`իր հրատարակած գրքերով: Առաջին անգամ ԵՊՀ ներկայացրած գրքերը մի քանի կարգի դիպլոմներ են ստացել 3 անվանակարգերում:

«Հայոց ցեղասպանություն - 100» անվանակարգում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների է արժանացել Լեոյի «Հայոց հարցի վավերագրերը» և Ա. Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը» գրքերի հրատարակման համար:



«Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում ևս ԵՊՀ-ին բաժին հասած մրցանակային տեղերը երկուսն են`2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների են արժանացել «Հայոց պատմություն» դասագիրքը և Է. Մինասյանի «Հայաստանի երրորդ հանրապետություն» մենագրությունը:

«Գիտություն և նորարարություն» անվանակարգում ԵՊՀ հրատարակչությունը պարգևատրվել է 2-րդ կարգի դիպլոմով` «Թուրքիայի հանրապետության պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար:

Մրցույթին ներկայացված գրքերը գնահատելիս հաշվի են առնվել ինչպես բովանդակությունը, այնպես էլ շապիկի ձևավորումը, տառատեսակի հարմարավետությունը (էջադրումը), կազմարարության որակը և այլն:

Նշենք, որ 2015 թ.-ի սեպտեմբերին էլ ԵՊՀ հրատարակչությունն մասնակցել էր ԱՊՀ երկրների մակարդակով անցկացվող “Искусство книги” միջազգային մրցույթին և «Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում արժանացել 3-րդ կարգի դիպլոմի, որը ևս հանձնվեց այսօր:

«Շատ ուրախալի է, որ Երևանի պետական համալսարանի հրատարակչության աշխատանքը գնահատվել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներով: Այսպիսի մրցույթներին, գրքի միջազգային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին մասնակցելը մեծ խթան է նոր որակի աշխատանքներ կատարելու համար»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Այլ նորություններ
ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԳՐՔԵՐՈՒՄ
Փետրվարի 15-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Հայ ինքնությունը օտարների աչքերով», «Հայն ու Հայաստանը օտարի աչքերով» և «Հայը օտարների ընկալմամբ» գրքերի շնորհանդեսը:
ԵՊՀ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Համալսարանի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցել է նաև ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի: