01.12.2017 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտական խորհրդի նիստի օրակարգային հարցերի շրջանակում մի շարք համալսարանականներ արժանացան մեդալների, շնորհակալագրերի ու հավաստագրերի:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախ ԵՊՀ ոսկեզօծ մեդալ հանձնեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Թորգոմ Եզեկյանին, ով հոկտեմբերի 26-ին արժանացել էր ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2017 թ.-ի կրթական բարձրագույն պարգևի՝ գրան-պրիի:

 

«Վերջին հինգ տարում գրան-պրի մրցանակակիր չի եղել: Մենք հպարտ ենք, որ տարիներ անց երկրի նախագահի այդ բարձրագույն պարգևին արժանացել է մեր ասպիրանտը, ով փայլում է իր մասնագիտական ունակություններով, կրթվածության մակարդակով և մարդկային բարձր արժանիքներով»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

 

Աշխարհի համեմատական բիզնես իրավունքի շրջանակներում մի շարք հարցերի ուղղություններով ՀՀ իրավական համակարգի վարկանիշավորում իրականացնելու և ծրագրին հաջողությամբ մասնակցելու համար Իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ ԵՊՀ ռեկտորի կողմից ստացան շնորհակալագրեր, իսկ միջազգային կառույցի կողմից ուղարկված հավաստագրերն ուսանողներին հանձնեց ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

 

 

Այնուհետև ԵՊՀ ռուսական կենտրոնի ղեկավար Արուսյակ Ներսեսյանը ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի տարածման համար պարգևատրվեց ՌԴ նախագահի՝ Պուշկինի անվան մեդալով: Համալսարանականին մեդալը հանձնեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

 

««Русский мир» հիմնադրամի՝ ԵՊՀ-ում գործող մասնաճյուղը՝ Ռուսական կենտրոնը, տարիներ շարունակ իրականացնում է ռուսաց լեզվի ու մշակութային արժեքների տարածմանն ուղղված գործունեություն: Եվ այսօր մեզ համար մեծ պատիվ է, որ կենտրոնը՝ ի դեմս ղեկավար Արուսյակ Ներսեսյանի, բարձր գնահատականի է արժանացել ՌԴ ղեկավարության կողմից: Վստահ եմ, որ հետագայում այս պարգևը նոր խթան կհանդիսանա կենտրոնի գործունեությունն ավելի ընդլայնելու համար»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը՝ բուհի նախաձեռնություններին աջակցելու համար:

 

Դեսպանը նույնպես շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը, Ռուսական կենտրոնի տնօրենին ու աշխատակիցներին տարիներ շարունակ ծավալած ակտիվ գործունեության համար:  

 

«Մենք շնորհակալ ենք ԵՊՀ ռուսական կենտրոնին հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, ամուր ու արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի տարածման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»,- հայտարարեց դեսպանը և ընդգծեց, որ տվյալ գործընթացներն ավելի են նպաստում բարեկամ ժողովուրդների միջև առկա պատմական կապերի ամրապնդմանը:

 

Ելույթից հետո դեսպան Իվան Վոլինկինը հանդիսավոր արարողությամբ մեդալն ու հավաստագիրը հանձնեց Արուսյակ Ներսեսյանին:

 

 

 

«Մեզ համար մեծ պատիվ է ՌԴ նախագահի կողմից արժանանալ պետական բարձրագույն պարգևի: Շնորհակալ եմ բուհի ղեկավարությանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև կենտրոնի աշխատակիցներին տքնաջան աշխատանքի համար»,- ամփոփեց ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրենը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: