05.06.2018 | 
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակները շնորհվել են  մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար: Շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

 

Մեզ հետ զրույցում Կարեն Քեռյանն ասաց, որ մրցանակը շնորհվել է իր և Գեղամ Գևորգյանի համատեղ հեղինակած շուրջ քսան հոդվածների համար, որոնք տպագրվել են վերջին երեք տարիների ընթացքում. «Կարևորում եմ այսպիսի մրցանակների առկայությունը, քանի որ դրանք գիտությամբ զբաղվելու համար լավ խթան կարող են դառնալ: Իհարկե, գիտությամբ զբաղվելու համար նախևառաջ ցանկություն է անհրաժեշտ, բայց լրացուցիչ խթանիչներն էլ շատ կարևոր են»:

 

Ըստ Կարեն Քեռյանի՝ թե՛ կրթության և թե՛ գիտության ոլորտներում բացերն այսօր շատ են. «Վառ օրինակ է այն, որ գիտությանը տրամադրվող գումարը տարեցտարի նվազում է: Գիտության զարգացումը մեր երկրում միայն ֆինանսավորմամբ չի լուծվի: Պետք է մասնագետներ հրավիրել, մասնագետներին վերապատրաստել, նոր դպրոցներ ստեղծել, իսկ դրանց հիմքում ճիշտ մարդիկ պետք է լինեն, որոնք իրենց հետևից կտանեն մյուսներին»:

 

Կարեն Քեռյանի հետ խոսեցինք նաև ԵՊՀ կադրերի սերնդափոխության մասին, որի վերաբերյալ ասաց, որ դա իսկապես այն հարցն է, որի լուծման համար ռազմավարություն է պետք մշակել. «Դրա համար անհրաժեշտ է թարմացնել կրթական ծրագրերը և այնպես անել, որ բուհ-աշխատաշուկա կապն առավել ամրապնդվի: Պետք է լավ օրինակներ ստեղծել՝ սկսած մարդկային լավ օրինակներից, վերջացրած ծրագրերով, որոնք վարակիչ կլինեն»:

 

«Այդ հեռանկարն ունենալով՝ մեր ֆակուլտետում «ISTC» կենտրոնի հետ համատեղ ստեղծել ենք «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»  մագիստրոսական ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերից»,- ասաց Կարեն Քեռյանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):