09.11.2020 | 
ԵՊՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ‹‹ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ›› ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ‹‹ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ›› ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գիտաժողով, որի գլխավոր թեման թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարն էր:

Գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ ՀՀԻ տնօրեն պրոֆ․ Արամ Սիմոնյանը, հայագետ, ցեղասպանագետ պրոֆեսոր Թեսսա Հոֆմանը, Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի («Լեփսիուսհաուս») տնօրեն, պատմաբան, հայագետ, Ռոլֆ Հոսֆելդը, Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանը,  Գերմանա-հայկական ընկերության նախագահ դր․ Րաֆֆի Քանդյանը, ազգագրագետ դր․ Յուրգեն Գիսպերտը, ցեղասպանագետ, պատմաբան դր․ Հիլմար Կայզերը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ պ․գ․թ․ Միքայել Մալխասյանը։

 

Գիտաժողովի սկզբում մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որը վարեց նաև գիտաժողովը:

 

 Գնահատանքով անդրադառնալով գիտաժողովի կազմակերպման հարցում  ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆ․ Աշոտ Հայրունու և մյուս համալսարանականների ցուցաբերած գործուն աջակցությանը՝ նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին կարևորագույն այդ միջոցառմանը մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու համար:

 

Վերջինս շնորհակալություն հայտնեց մասնակիցներին կարևորագույն քննարկմանը մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու համար:

Պարոն Մարգարովը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նախաձեռնած թուրք-ադրբեջանական ագրեսիան, որն ուղեկցվում է «Ղարաբաղը մերն է» հայտնի կոչով, իսկ այդ կոչի պատասխանը թերևս մեկն է՝ այդպիսի բան երբեք չի կարող լինել:

Թեման ավելի մանրամասն ներկայացրեց ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը:

 

Արամ Սիմոնյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ժողովրդի գոյությունն ու զարգացումն ապահովող ամենակարևոր գործոնը եռամիասնությունն է. Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և Սփյուռք. ‹‹Միայն մեր սերտ կապակցված եռամիասնության շնորհիվ հայ հասարակությունը կկարողանա դրսևորել իր հայկական էթնոսի ողջ ներուժը՝ կենսականորեն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու համար››:

Վերջինս փաստեց նաև, որ այսօր ողջ հայությունը շատ ծանր ժամանակներ է ապրում իր դեմ սանձազերծված ագրեսիայի և ադրբեջանական հանցավոր կառավարության պատճառով:

‹‹Մեր էթնոսի և պետականության գոյության գրավականը կա և կլինի հայկական ուժեղ բանակը, որը պետք է լինի մեր անմիջական հոգածության ներքո››,- շեշտեց Արամ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է հենց օրորոցից կրթել նոր սերնդին․ ‹‹Անհրաժեշտ է, որ մեր երիտասարդներն ունենան բարձր բարոյականություն, հայրենասիրություն, անսահման նվիրվածություն սեփական ժողովրդի նկատմամբ, անկոտրում կամք և վճռականություն հայրենիքի պաշտպանության համար»։

Անդրադառնալով պետականության առջև ծառացած մարտահրավերներին՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ հայ հասարակությունը դժվար խնդիր ունի լուծելու՝ խաղաղ  գոյակցել երկու թուրքալեզու հարևանների հետ. ‹‹Պարզ է, որ մենք գտնվում ենք քաղաքակրթության տարբեր մակարդակներում, թուրքերի գիշատիչ բնազդները, պանթյուրքական տրամադրությունները և կրոնական անհանդուրժողականությունը չեն վերացել››:

Պարոն Սիմոնյանը փաստեց, որ Արցախյան ճգնաժամի ընթացքում Հայաստանի ղեկավարությունը, ցավոք, հետևողական էր միջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության սկզբունքներին, ինչն արդարացված չէր Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում, որոնք բարոյականության մասին գաղափար անգամ չունեն, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ հարմար պահի չհապաղեցին ոտնահարել այդ սկզբունքները:

Գիտաժողովի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին՝ նշելով, որ պետք է սերտ բարեկամական հարաբերութուններ ստեղծել հարևան Իրանի հետ, ինչպես նաև զարգացնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները․‹‹Հայերը պետք է հասկանան, որ ամեն տեսակի հակառուսական տրամադրություններն անհանդուրժելի են››:

Բեռլինից պրոֆեսոր, հայագետ, ցեղասպանագետ Տեսսա Հոֆմանն իր զեկուցման մեջ անդրադարձավ Արցախի պատմությանը՝սկսած միջին դարերից մինչ 19-րդ դար:

 

Բանախոսը ներկայացրեց 1988 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ Սումգայիթյան ջարդեր, այնուհետև խոսեց երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակների վրա ծախսված բյուջեների մասին, ինչպես նաև անդրադարձավ բնակչության թվին:


Տեսսա Հոֆմանը մանրամասն նշեց ներկա ռազմական գործողությունների ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունները, օրինակ՝ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների վրա կատարված հարձակումները, ֆոսֆորային ռումբերի կիրառումը և այլն:

 

Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը նույնպես հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով թուրքական աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում՝ նեոօսմանիզմից մինչև պանթուրանիզմ:

 

 

 

Յուրգեն Գիսպերտն իր խոսքում առանձնացրեց Արցախը՝որպես Հայաստանի ինքնորոշված մաս՝ փաստելով, որ Ադրբեջանն իրավական հիմքեր չունի հայկական այդ երկրամասի հանդեպ նկրտումներ և հավակնություններ հանդես բերելու համար։



 

Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը նույնպես հանդես եկավ զեկուցմամբ՝ մանրամասնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայում ցեղասպանության սպառնալիքը:

 

 

Վերջինս իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքով, որ Թուրքիան հարյուր տարի անց Հարավային Կովկաս է վերադարձել կիսատ թողած ցեղասպանությունը շարունակելու համար:

Ըստ պարոն Մանուկյանի՝ թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական հասարակություններում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես են երկրի առաջին դեմքերը, ակադեմիական ոլորտի մարդիկ հակահայկական կոչեր հնչեցնում և հայերի նկատմամբ ատելություն քարոզում. ‹‹Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Էրդողանն իր ելույթներից մեկում ասել է՝ ինձ անվանել են վրացի, ներեք ինձ այս խոսքերիս համար, բայց նրանք ավելի վատ բան են ասել՝ ինձ հայ են անվանել»։

ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի վարիչը ներկայացրեց նաև Ադրբեջանում հերոս հռչակված Ռամիլ Սաֆարովի պատմությունը, որը կացնահարել էր հայ սպային քնած ժամանակ. ‹‹Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ Ռամիլ Սաֆարովը պետք է դառնա ճշմարիտ հայրենասիրության օրինակ ադրբեջանցի երիտասարդների համար››։

Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցից մեկում Ալիևը նշում է, որ շուտով Հայաստանն անհետանալու է քարտեզի վրայից:

Սուրեն Մանուկյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանության վտանգն այս պահին բարձր է:

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության զարգացումների և Արցախի Հանրապետության շուրջ ծավալված պատերազմի մասին խոսեց նաև Գերմանա-հայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանը:

 

Գերմանացի պատմաբան Հիլման Կայզերն էլ անդրադարձավ թուրք-ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմում վարձկանների առկայությանը և նրանց ունեցած դերին Սիրիայում և Լիբիայում:

 

Գիտաժողովի վերջում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ծավալուն զեկուցմամբ ներկայացրեց Խորհրդային Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և շրջակա տարածքներում:

 

Գիտաժողովի երկրորդ մասը կայանալու է նոյեմբերի 15-ին: