03.12.2019 | 
Հասարակություն
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։

Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Quick Start» ընկերության հետ համագործակցության շրջանակում։

«Գաղափարից՝ բիզնես պլան» սեմինար-դասընթացը վարելու համար համալսարան էր այցելել ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի մասնագետ Մարիաննա Վիրաբյանը, որը «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի բիզնեսի զարգացման ղեկավարն է, կառավարման խորհրդատուն և իր աշխատանքային գործունեության ընթացքում մշակել է մեկ տասնյակից ավելի հաջողված բիզնես պլաններ Հայաստանում գործող ընկերությունների համար:

Նա ողջունեց ներկաներին ու ասաց, որ ուրախ է գտնվել ԵՊՀ-ում: Բանախոսն անդրադարձավ իրենց կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին․ «Մենք հայաստանյան շուկայում 25 տարվա գործունեություն ծավալող ընկերություն ենք։ Իրականացրել ենք 1.100-ից ավելի բիզնես պլաններ, վարել ենք 1.600 դասընթացներ և այժմ ունենք 1.000-ից ավելի իրականացված ծրագրեր»։

 

Մարիաննա Վիրաբյանը սեմինարի մասնակիցների համար պատմեց, թե ինչպես է պետք գտնել կամ ստեղծել բիզնես գաղափարներ և ինչպես դրանք վերածել բիզնես պլանի։ Նա անդրադարձավ իրենց ընկերության սեփական փորձին՝ վերհանելով հաջողակ բիզնեսի բանաձևը։

«Հաջողակ բիզնեսի համար անհրաժեշտ է ունենալ գաղափար, դրան գումարել լավ թիմ, հետո ավելացնել ջանքեր՝ ժամանակ, նյարդեր, ռեսուրսներ և վերջապես կատարել ներդրում»,- ասաց դասընթացավարը։

Նա մասնակիցներին հնարավորություն տվեց գրի առնելու իրենց բիզնես գաղափարները, հետո դրանցից ընտրելու լավագույնն ու նախապես կազմված հարցաշարը լրացնելու ընթացքում հասկանալ՝ արժե՞ արդյոք դրանք իրագործել։



Սեմինար-դասընթացի ընթացքում մասնակիցները տեղեկացան, թե բիզնես պլան կազմելու համար ինչին է պետք հատուկ ուշադրություն դարձնել, ինչ դեր ունեն շուկան, թիրախը, մարքեթինգը, ֆինանսներն այն հաջողված դարձնելու ճանապարհին։

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի բիզնեսի զարգացման ղեկավարը սեմինարը վարեց ինտերակտիվ ձևաչափով և պատասխանեց ներկաների տարատեսակ հարցերին։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները:
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից: