22.04.2009 | 
Կրթություն, Հասարակություն
ԱՅՍՕՐ ԵՐԿՐԻ ՕՐՆ Է
ԱՅՍՕՐ ԵՐԿՐԻ ՕՐՆ Է
«Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում հասարակության ամենասուր հարցերը վերաբերում են էկոլոգիային»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նման կարծիք հայտնեց այսօր` ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ապրիլի 22-ը` Երկրի օրը, նշելու համար ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության, Երեւանի պետական համալսարանի եւ Օրհուս կենտրոնների համատեղ նախաձեռնությամբ այսօր հավաքվել էին պետական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, հասարակական կազմակերպությունների անդամներ եւ ուսանողներ:

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեծապես կարեւորեց նման հանդիպումները եւ քննարկումները` դրանք համարելով լրացուցիչ առիթ մեր մոլորակին սպառնացող աղետների մասին հիշեցնելու: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը ներկայացրեց ԵԱՀԿ շրջակա միջավայրի պահպանության գործունեության թեմայով դասախոսություն. «Էկոլոգիայի ոլորտում հաջողությունը երաշխավորված կլինի, եթե հենվենք ոչ միայն քաղաքական կառույցների, այլեւ հասարակության վրա:

 

Հենց հասարակության մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման երաշխիքներ կտա»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով` Երկրի օրն ավելի շատ քաղաքացիական նախաձեռնություն է: Հենց հասարակական շարժման շնորհիվ 1970 թվականին էկոլոգիայի խնդիրներով մտահոգված մարդիկ բարձրաձայնեցին Երկրին սպառնացող գլոբալ խնդիրների մասին: ԱՄՆ-ում իրականացված վիթխարի տոնակատարությունը բազմաթիվ երկրների հասարակության ուշադրությունը հրավիրեց էկոլոգիական խնդիրների վրա: Այս ակցիան մեծ ազդեցություն եւ արձագանք ունեցավ ամբողջ աշխարհում` ներգրավելով մոտ 20 միլիոն մարդու:

 

«Ավանդաբար Երկրի օրը տարբեր երկրներում հնչում է խաղաղության զանգ` մարդկանց կոչ անելով զգալ մոլորակային ընդհանրությունը եւ միասնական ջանքեր գործադրել` մեր ընդհանուր տան գեղեցկության պահպանության համար: Առաջին նման զանգը տեղադրվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում»,- ասաց բանախոսը: Էկոլոգիական խնդիրներով մտահոգված ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ոլորտի մասնագետներին:

 

Ուսանողուհիներից մեկի այն հարցին` մեր երկրում առաջնայինը տնտեսական շահն է, թե էկոլոգիան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց. «Թեեւ բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա, բայց բնությանը եւ շրջակա միջավայրին հասցվող վնասները պետք է հավասարեցվեն նվազագույնի: Ամբողջ աշխարհում ընդունված է նախ հաշվարկել բնապահպանական ռիսկերը, նոր միայն ձեռնարկության ներկայացրած գործունեության ծրագրին ուշադրություն դարձնել»:

 

Իսկ բնապահպանության ոլորտի փորձագետ Կարինե Դանիելյանը նկատեց, որ տնտեսությունը եւ էկոլոգիան որպես հակառակորդներ դիտարկելը բնավ ճիշտ չէ. դրանք գործընկերներ են: Որպես մեր մոլորակի հանդեպ սիրո եւ երախտագիտության նշան` հանդիպման մասնակիցները Սերգեյ Կապինոսի եւ Արամ Հարությունյանի օրինակով ԵՊՀ իրավագիտության մասնաշենքի մոտակայքում 30 ծառ տնկեցին:

Այլ նորություններ
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: