03.08.2014 | 
Գիտություն, Հասարակություն
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Վախճանվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

Կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ԵՊՀ վաստակաշատ դասախոս, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

Մաստարայի յոթնամյա, այնուհետ` Թալինի միջնակարգ դպրոցները ավարտելուց հետո 1938թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ։ 1941-ին 4-րդ կուրսից զորակոչվել բանակ, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել Համալսարանը: 1945-1948թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում և 1952թ. պաշտպանել թեկնածուական, իսկ 1981-ին` դոկտորական ատենախոսությունները, 1955թ. ստացել դոցենտի, իսկ 1984-ին` պրոֆեսորի կոչում: 

1946-1948թթ. Հովհ.Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958թ., Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 

1958թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969-ին ընտրվել Հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985թթ. եղել է Բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990թթ.` Հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվում` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն», «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները», «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները», «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը»: Սկսած 1964թ.նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով մինչև 2006թ.-ը պարբերաբար լույս էր տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը»:

Հովհ.Բարսեղյանը նաև հմուտ բառարանագիր էր, հեղինակ «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանի», համահեղինակ հինգհատորյա «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի»:

Նրա համահեղինակությամբ էին կազմվել նաև հանրակրթական դպրոցի 4-րդ (Երևան, 1970) և 5-7-րդ (Երևան, 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը:

ԵՊՀ ռեկտորատն ու պրոֆեսորադասախոսական ողջ կազմը կիսում են կորստի ցավը մեծ գիտնականի ընտանիքի անդամների և հարազատների հետ:

Հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում օգոստոսի 5-ին, ժամը՝ 18.00-ին

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: