14.05.2021 | 
Գիտություն
«ՀԻԳԻԵՆԻԿ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԻԳԻԵՆԻԿ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հիգիենիկ նախագծման հիմունքներ» երկօրյա դասընթացը։

Միջոցառումը կազմակերպել էին Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը։

 

Դասընթացի կազմակերպիչ, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի» (ՀԻԴԵԽ) հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ու «Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորման» նախագահ Կարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա դասընթացը տեղի է ունենում «ՀԻԴԵԽ»-ի և ԵՊՀ-ի միասնական ջանքերով։


«Դասընթացի շրջանակում մենք ուսումնասիրելու ենք սննդի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, խոսելու ենք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք անհրաժեշտ է ներդնել տեղական արտադրության մեջ։ Վերջին տարիներին հայաստանյան ընկերությունները բավականին հետաքրքրված են սննդի անվտանգությամբ, այդ իսկ պատճառով որոշվեց նախաձեռնել նման դասընթաց՝ եվրոպական հաջողակ փորձը կիրառելու համար»,- նշեց Կ. Գրիգորյանը։

 


Դասընթացը, որին ներկա էին Հայաստանում սննդի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, մեկնարկեց Կ. Գրիգորյանի ողջույնի խոսքով։ Վերջինս նշեց, որ ներկաները երկու օրվա ընթացքում հնարավորություն կունենան լսելու Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի կենսաճարտարագետ Ֆրանկ Մոհերմանին, քննարկելու նրա հետ սննդի անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ և հարցեր հղելու նրան։

 


Մինչ դասընթացը սկսելը Ֆ. Մոհերմանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար։ Նա դասախոսության ու տեսապատկերների միջոցով ներկայացրեց սննդի արտադրության գործարանների հիգիենիկ նախագծման և ապահովման հիմնական դրույթները։ Բանախոսը խոսեց հիգիենիկ ինժեներիայի և նախագծման հիմնական կանոնների մասին, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին։


Հիշեցնենք, որ դասընթացի վերջում մասնակիցներն անցնելու են համապատասխան թեստավորում և ՀԻԴԵԽ-ի կողմից հավաստագրեր են ստանալու։

Այլ նորություններ
«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԲԱԶԱ ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՍՆԻ ԵՎ ՄԱՐՍԻ ՎՐԱ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՆԱՍԱ»-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս, ԵՊՀ շրջանավարտ, Ամերիկյան համալսարանի (Վաշինգտոն) հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանի դասախոսությունների խորագրերն էին՝ «Կյանքի փնտրտուքը Տիեզերքում» և «Լուսնի և Մարսի հանելուկների լուծումները»։
ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները Հունաստանի Լուտրակի քաղաքում մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային 13-րդ համաժողովին` ներկայացնելով իրենց գիտական գործունեության վերջին նվաճումները: