17.02.2014 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փետրվարի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և պաշտոնատար այլ անձինք:

 

«Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող 95 ուսանողներ առաջին անգամ արժանացան «Beeline Scholarship» կրթաթոշակին: Ըստ այդմ՝ «ԱրմենՏել» ընկերությունը 2014 թվականին կվճարի նրանց մեկ կիսամյակի վարձը:

 

««ԱրմենՏել» ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ այն ուսանողներին, ովքեր կարողացան ապացուցել, որ իրոք արժանի են «Beeline Scholarship» կրթաթոշակին: Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված աջակցությունն այդ ուսանողների կյանքը կդարձնի ավելի լավ, իսկ մենք մոտ ապագայում կլսենք նրանց նորանոր ձեռքբերումների և նվաճումների մասին»,- ասաց Մերուժան Միքաելյանը:

 

«Beeline Scholarship» ծրագիրը ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ համատեղ իրականացրել են Բրիտանական խորհուրդը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Beeline»): Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պետական բուհերի ուսանողները պետք է ունենային ստեղծարար մտածողություն և առաջարկեին արդիական գաղափարներ: Նրանք պետք է ներկայացնեին ծրագիր-առաջարկներ՝ նշելով, թե ինչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել իրենց ոլորտում:

 

Հանձնաժողովի կողմից բարձր միավորների արժանացած՝ ԵՊՀ արվեստի պատմության և տեսության բաժնի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց իր ծրագիրը, ըստ որի՝ նա առաջարկում է իր ուղիները հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում:

 

Հատկանշական է, որ «Beeline Scholarship» ծրագրին մասնակցած ուսանողների շարքում մեծ թիվ են կազմել Մայր բուհի ուսանողները: Ավելին, ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի՝ ԵՊՀ ուսանողների մեծամասնությունը հայտնվել է հենց լավագույն տասնյակում:

 

Միջոցառման ավարտին Բրիտանական խորհուրդը հաղթած ուսանողների շրջանում անցկացրեց խաղարկություն, որի արդյունքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թովմասյանը (ով մրցույթի կազմակերպիչներին էր ներկայացրել բարոյական վնասը դրամական միջոցներով փոխհատուցելու առաջարկը), կմեկնի Միացյալ Թագավորություն և կմասնակցի դասընթացի: 

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: