22.10.2017 | 
Կրթություն
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՊԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՊԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբերի 18-21-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի կողմից կազմակերպված «Եվրասիական անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները» խորագրով երիտասարդական համաժողովը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 80 ներկայացուցիչների մասնակցությամբ Բելգրադում ընթացող երիտասարդական համաժողովը մեկնարկեց Բելգրադի ազատագրման տոնակատարությունների նախօրեին:

 

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Յուրի Խաչատուրովն իր ելույթում կարևորեց Եվրասիայի հանգուցային տարածաշրջաններից մեկում՝ Բալկաններում, համաժողովի անցկացման հանգամանքը: Նշենք, որ Սերբիան ՀԱՊԿ անդամ չէ, սակայն 2013 թ.-ից ունի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ:

 

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան անվտանգության, միջազգային հարաբերությունների, կրթության և այլ ոլորտների փորձագետներ՝ ներկայացնելով անվտանգության արդի մարտահրավերներն ու խնդիրները:

 

Համաժողովի ուսանող մասնակիցների համար, որոնց միացել էին նաև Սերբիայի որոշ բուհերի ուսանողներ, կազմակերպիչները պատրաստել էին մարզամշակութային ծրագիր:

 

Հայաստանից համաժողովին մասնակցում են ԵՊՀ ուսանողներ Դավիթ Ափոյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ), Գոռ Դարմանյանը (Իրավագիտության ֆակուլտետ), Գոհար Ջուլհակյանը (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ) և Լաուրա Մարտիրոսյանը (Սոցիոլոգիայի ֆակուլտետ): ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հանդես է եկել կրթության և անվտանգության փոխգործակցության հիմնահարցերի վերաբերյալ զեկուցմամբ:

 

Հարկ է նշել, որ դեռևս 2014 թ.-ին Եկատերինբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի բուհերի ներկայացուցիչներ ստորագրեցին ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադրման մասին համաձայնագիր:

Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: