Ներկաներին նախ ողջունեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկում:
Համալսարանականներին հյուրընկալվել էր «Ucom» ընկերության ներքին վերահսկողության և ռիսկերի գնահատման, ինչպես նաև անձնակազմի հավաքագրման բաժինների ներկայացուցիչները:
Հանդիպման հիմնական մասնակիցները ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողներն ու շրջանավարտներն էին:
Ընկերության ներքին վերահսկողության և ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար Վահրամ Տոնոյանն ուսանողներին ներկայացրեց ռիսկերի կառավարման բաժնի գործառույթները՝ ընդգծելով, որ տվյալ բաժնի աշխատանքը բարդ է, պատասխանատու և պահանջում է գիտելիքների, հմտությունների ու մասնագիտական որակների մեծ պաշար:
«Ucom»-ի ներկայացուցիչները պատասխանեցին նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին բաժնի հիմնական գործառույթներին, աշխատանքային մեթոդներին, ինչպես նաև հեռահաղորդակցական ոլորտում գործող ընկերության հնարավոր ռիսկերին՝ համեմատած այլ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:
Հանդիպման ավարտին Անձնակազմի հավաքագրման բաժնի մասնագետները ներկայացրին Ներքին վերահսկողության և ռիսկերի գնահատման բաժնում առկա պրակտիկայի հնարավորությունը, հիմնական պահանջները և դիմելու կարգը:
Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ պրակտիկայի ավարտին լավագույնները ընկերությունում աշխատելու հնարավորություն կստանան: