29.10.2018 | 
Կրթություն
ՆՈՐ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՆԿԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ 19-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
ՆՈՐ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՆԿԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ 19-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետությունում սնկաբանական գիտական աշխատանքներ (1889-2014)» մատենագրությունը, որի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, կ.գ.դ., պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը և կ.գ.թ. Եվա Սողոյանը:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը մեզ զրույցում նշեց, որ այս մատենագրության հրատարակման համար նյութերի հավաքագրումը Հայաստանում իրականացվել է առաջին անգամ. «Այս գիրքը տարիների աշխատանք է, քանի որ հեղինակների առջև խնդիր էր դրված ընդգրկել նախկինում երկար ժամանակ որպես բուսաբանական գիտության մի մասը դիտարկվող և ավանդական սնկաբանության շրջանակների մեջ չընդգրկված սնկերի և սնկանման օրգանիզմների ուսումնասիրման ամենատարբեր ոլորտները: Այն սնկաբանության և սնկային օրգանիզմները որպես օբյեկտ օգտագործող գիտության ու արդյունաբերության այլ ճյուղերի գիտահետազոտական աշխատանքների ցանկ է»:  

 

Գրքում ներառված են գիտական մենագրություններ, հոդվածներ, ատենախոսությունների սեղմագրեր, ուսումնամեթոդական և գիտահանրամատչելի աշխատանքներ, որոնք իրականացվել են տարբեր գիտական հաստատություններում՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 2014 թ.-ը, և հրատարակվել են հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ վերոնշյալ մատենագրության մեջ ընդգրկված ամբողջ տեղեկատվությունն  այնքան ծավալուն է և բազմակողմանի, որ կարող է օգտագործվել ոչ միայն սնկաբանների, այլև այլ ոլորտների մասնագետների կողմից. «Գրքում կա տեղեկատվություն մեր շրջապատում առկա այն սնկերի մասին, որոնք աղտոտում են, օրինակ, սննդամթերքը, դեղամիջոցները և այլն: Այն նաև հիմք է ծառայելու գիտաշխատողների և ուսանողների համար սնկաբանության ոլորտում հետազոտություններ իրականացնելիս»:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի բարբառագիտական խումբը նոյեմբերի 18-ին հերթական այցը կատարեց բարբառախոս կենտրոն:
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: