18.01.2022 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց 2020-2021 ուստարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ տեղեկացնելով տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերի, գրանցած արդյունքների և արված աշխատանքների մասին:

 

Ռեկտորի ելույթից, նրան ուղղված հարցերից ու պատասխաններից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց հավանություն տալ 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում «Երևանի պե­տական համալսարան» հիմնադրամի գործունեության ռեկտորի հաշվետվությանը և բավարար գնահատել 2020-2021 ուսումնական տար­վա գործու­նե­ությունը:

 

Այնուհետև օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

 

 

Ներկայացված տեղեկությունների վերաբերյալ քննարկումից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 16 կողմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց 2022 ֆինան­սա­կան տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

 

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտորը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրեց գիտական խորհրդի կողմից հաստատված կառուցվածքային փոփոխությունների առաջարկը, որով նախատեսվում է վերակազմավորել, լուծարել և ստեղծել կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներ:

 

Ըստ առաջարկի՝ նաև ԵՊՀ-ն ունենալու է 4 պրոռեկտոր՝ Ակադեմիական հարցերի գծով, Գիտական հարցերի գծով, Զարգացման և նորարարությունների գծով ու Ընդհանուր հարցերի գծով:

 

ԵՊՀ ռեկտորը, առաջարկին զուգահեռ, ՀԽ-ի հաստատմանը ներկայացրեց նաև հաստիքացուցակը, որոնց վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, ու ծավալվեց քննարկում:

 

Արդյունքում ԵՊՀ ՀԽ-ն որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը ռեկտորատի հետ քննարկելու է աշխատավարձերի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները և ներկայացնի Հոգաբարձուների խորհրդի անդամներին: Քվեարկությամբ որոշվեց, որ աշխատանքային խմբի կազմում ներառված են լինելու Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը և ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

 

Հոգաբարձուների խորհուրդը 13 կողմ, 3 ձեռնպահ և 1 դեմ ձայների համամասնությամբ որոշեց հաստատել գիտխորհրդի կողմից ներկայացված կառուցվածքային փոփոխությունները, ապա 13 կողմ և 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի հաստիքացուցակը, սակայն դրանով սահմանված վարչական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատավարձերը որոշեց հաստատել 2021 թվականի համամասնություններով, իսկ լրավճարները՝ ներկայացված տարբերակով:

 

Օրակարգային վերջին հարցի շրջանակում ՀԽ-ն միաձայն հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ հայտը:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում էլ հնչեցին աշխատանքային տարբեր դիտարկումներ և դրանց պարզաբանումներ:

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: