01.04.2021 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:

ԵՊՀ երկրորդ գումարման հոգաբարձուների խորհրդի թիվ 4 նիստում նախատեսվում էր քննարկել 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացնել որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ:

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ արդեն տևական ժամանակահատված խորհուրդը բախվում է այս խնդրին, երբ քվեակազմի բացակայության պատճառով տեղի չեն ունենում նիստերը:

 

Նա ասաց, որ երբ ծանուցումն ուղարկվել է ՀԽ-ի անդամներին, նրանցից մեծ մասն արձագանքել է, որ ներկա է լինելու նիստին, ընդ որում, Միքայել Մալխասյանի տեղեկացմամբ, ծանուցման մեջ հստակ նշվում է վերջնաժամկետը, թե անդամները մինչև երբ պետք է տեղեկացնեն նիստին մասնակցելու կամ բացակայելու վերաբերյալ:

 

 

«Միայն այսօր առավոտյան անդամների մեծ մասը տեղեկացրել է, որ չի կարող գալ, ընդ որում՝ նրանցից ոմանք այն անդամներն են, որոնք արդեն հաստատել էին իրենց մասնակցությունը նիստին: Նշված ժամկետում արձագանքել է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը»,- փաստեց Միքայել Մալխասյանը:

 

Նա ասաց, որ նիստից մեկ ժամ առաջ հարց է բարձրաձայնվել նաև օրակարգի վերաբերյալ, ինչը, ըստ նրա, անհասկանալի է, քանի որ օրակարգը ձևավորվել է հստակ՝ համաձայն աշխատակարգի: Մ. Մալխասյանի պարզաբանմամբ, օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր հաշվետվություններին, ներառվել է՝ ելնելով նախորդ նիստին հնչած առաջարկություններից, իսկ ընտրությունների վերաբերյալ հարցերը նախատեսված են եղել դեռևս հոկտեմբերի 5-ին նախատեսված նիստում:

 

ՀԽ քարտուղարը հիշեցրեց, որ այդ նիստը ևս քվորումի բացակայության պատճառով հետաձգվել էր, իսկ համաձայն աշխատակարգի՝ ընդհանուր կարգով գումարված հաջորդ նիստում այդ հարցերը պետք է ներառված լինեն. «Նախորդ նիստն ընդհանուր կարգով չէր հրավիրվել, այդ պատճառով էլ ընտրության վերաբերյալ հարցերը ներառված չէին»:

 

 

ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, իմանալով, որ նիստին ներկա են միայն համալսարանական անդամները, հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա սաբոտաժ չէ:

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն արձանագրեց, որ նիստը տապալված է լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամների պատճառով, և համոզմունք հայտնեց, որ պատճառը նրանց հետաքրքրող հարցի բացակայությունն է: Նրա կարծիքով, սա ցույց է տալիս, որ համալսարանների ՀԽ-ների կազմում կառավարության կողմից ընդգրկված անդամները ներկայացված են ոչ թե բուհի խնդիրները լուծելու, այլ իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար:

 

 

Դավիթ Ափոյանն ընթերցեց նիստից բացակայող անդամների անունները՝ փաստելով, որ նրանք արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել բուհի նկատմամբ:

 

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այս վերաբերմունքը վրդովեցուցիչ է. «ՀԽ-ն, բուհի կառավարման բարձրագույն մարմինը լինելուց զատ, նաև այն մարմինն է, որը պետք է հոգ տանի համալսարանի մասին: ՀԽ-ի անդամներն ամենաշատը պետք է մտահոգված լինեն բուհի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, ու հենց իրենք քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»:

 

Չներկայացած անդամների քայլը, ըստ Կառլեն Խաչատրյանի, ոչ միայն անարգանք է ՀԽ-ի մյուս անդամների, այլև ամբողջ կոլեկտիվի և բուհի նկատմամբ: Նա կոչ արեց գործընկերներին վերադառնալ կառուցողական դաշտ և համատեղ քննարկումների միջոցով լուծել խնդիրները:

 

 

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, վերջերս մամուլում տարածված՝ բուհերի շենքերի վաճառքի վերաբերյալ տեղեկությունների ֆոնին այս վերաբերմունքից կարելի է հասկանալ, որ օրվա իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ համալսարանականները դա թույլ չեն տա:

 

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն արձանագրեց, որ ԵՊՀ-ի համար նման ծանր իրավիճակ եղել է 30-ականների կեսերին, երբ 1-2 տարվա մեջ 6 ռեկտոր է փոխվել:

 

Նրա խոսքով, բուհն իր գործունեության, կրթական ծրագրերի արդյունքի համար հաշվետու է հանրությանը և պետությանը, և այսօրվա նիստի տապալումը, ըստ նրա, հենց այդ հաշվետվողականության սկզբունքի խախտման ցուցիչն է, որ պետությունը՝ ի դեմս հիմնադրի և լիազոր մարմի, պետք է վերցներ այդ հաշվետվությունը, ինչին տեր չի կանգնում:

 

 

Այս վիճակը, ըստ Մենուա Սողոմոնյանի, ցույց է տալիս, որ ԵՊՀ-ի արժեզրկման, վարկաբեկման շղթան սկսվել է դեռևս 2018 թ. մայիսից, երբ տեղի ունեցան հայտնի անկարգությունները, երբ գիտխորհրդի նիստերի դահլիճը դարձել էր թղթախաղի վայր: Մենուա Սողոմոնյանը, միանալով Կառլեն Խաչատրյանի հորդորին, առաջարկեց ևս մեկ անգամ հնարավորություն տալ և նույն օրակարգով որքան հնարավոր է շուտ հրավիրել նիստ:

 

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը նշեց, որ սաբոտաժները, որոնք կազմակերպվում են, չեն հաջողելու, քանի որ ԵՊՀ-ն միայն շենք չէ, այն ունի սրտացավ ուսանողներ, դասախոսներ:

 

Ստորև ներկայացնում ենք նիստին չմասնակցած անդամների անունները.

 

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

 

Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

 

Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

 

Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

 

Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն

 

Հ. Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար

 

Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ

 

Ա. Քերոբյան - Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար

 

Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

 

Հ. Արշամյան - «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրեն

 

Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն

 

Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

 

Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: