08.02.2019 | 
Հասարակություն
ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ՝ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ՝ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ԵՊՀ գրադարանը և «Հովհաննիսյան» ինստիտուտն այսօր փոխանակվեցին գրքերով և պայմանավորվեցին հետագա համագործակցության համար:

ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էին Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի խորհրդի անդամ Սիրանուշ Դվոյանը և ինստիտուտի գրադարանի պատասխանատու Իրինա Շախնազարյանը: Հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը:

 

«Հովհաննիսյան» ինստիտուտի ներկայացուցիչները պատմեցին իրենց առաքելության և գործունեության մասին՝ նշելով, որ պատմաբան, հասարակական-քաղաքական գործչի՝ Աշոտ Հովհաննիսյանի անունը կրող ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականին Երևանում. «Ինստիտուտի նպատակն է Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը ու քննական ներդրում ունենալ այդ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում: Ինստիտուտն աշխատում է Հայաստանի և Սփյուռքի միջև գիտական կապերի զարգացման ուղղությամբ՝ հատկապես հրատարակչական, թարգմանչական ու հետազոտական համագործակցության շրջանակում»։

 

 

Ի դեպ, Աշոտ Հովհաննիսյանը գործուն դեր է ունեցել Երևանի պետական համալսարանի հիմնադրման հարցում: Նրա կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում:

 

«Հովհաննիսյան» ինստիտուտի ներկայացուցիչները համալսարանի գրադարանին նվիրեցին ինստիտուտի կողմից հրատարակված Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» գիրքը և Մարկ Նշանյանի «Պատկեր, պատում, պատմութիւն» աշխատության երկու հատորները: Եզնիկ Միրզոյանն էլ ԵՊՀ գրադարանի կողմից ինստիտուտին նվիրեց համալսարանի կողմից վերջին տարիներին հրատարակված աշխատություններ:

 

 

Ինստիտուտի ներկայացուցիչները և ԵՊՀ գրադարանի տնօրենը պայմանավորվեցին գրքերի փոխանակումը դարձնել ավանդական և պարբերաբար կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ:

 

Սիրանուշ Դվոյանը նշեց, որ ինստիտուտը պատրաստ է համագործակցելու հումանիտար ֆակուլտետների հետ, աջակցելու այդ ոլորտի հետազոտողներին: Եզնիկ Միրզոյանն ասաց, որ ինստիտուտի ներկայացուցիչները կարող են այցելել ԵՊՀ գրադարան և ազատորեն օգտվել նախընտրած գրականությունից:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆԱ». ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներն այսօր այցելեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ՎԱՀԱՆ ՌՇՏՈՒՆԻ
Պրոֆեսոր Վահան Ռշտունու մասին պատմում է նրա ուսանողը՝ ԵՊՀ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը: