03.06.2019 | 
«ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
«ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագրքի ներկայացումը:

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասագիրքը կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունները:

«Նմանօրինակ դասագրքի կարիք մենք վաղուց ունեինք,- փաստեց Վարդան Ոսկանյանը,- քանի որ այն կարևոր գործառույթ ունի հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների զարգացման հարցում, հետևաբար այն նաև Իրանագիտության ամբիոնի կարևոր ձեռքբերումներից է»:

Այս գիրքը մեծ ձեռքբերում է նաև ուսանողների համար, քանի որ այսուհետ նրանք կարող են իրենց պարսկերենի գիտելիքները հարստացնել դիվանագիտական տեքստերի ուսումնասիրությամբ և նոր բառապաշարով:

Վարդան Ոսկանյանի խոսքով, թե՛ իրանագիտություն, թե՛ միջազգային հարաբերութուններ ուսումնասիրող ուսանողների, ինչպես նաև  Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար գիրքը կարող է օգտակար լինել պարսկական դիվանագիտական ոլորտին առավել լավ ծանոթանալու տեսանկյունից:

 

 

Իրանագիտության ամբիոնի դոցենտ, գրքի համահեղինակ Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրեց գրքի կառուցվածքն ու առանձնահատկությունները:

Վերջինիս խոսքով, գիրքը մշակելիս հաշվի են առնվել պարսկերենի դասավանդման առանձնահատկություններ, այդ թվում՝ ներառելով այբուբենի ուսուցումն ու  լեզվական ամենաբարդ կառույցների մեկնաբանումը:

«Հաշվի առնելով ժամանակակից ուսումնասիրությունները՝ փորձել ենք ստեղծել մի դասագիրք, որը և՛ կիրառական, և՛ տեսական առումով կարող է բավարարել մեր ուսանողների պահանջները»,- շեշտեց Հասմիկ Կիրակոսյանը:

Դասագիրքն ունի նաև մեթոդական ձեռնարկ, որը բաժանված է երկու մասի՝ պաշտոնական արարողություններ և Իրանը միջազգային հարաբերություններում: