19.02.2021 | 
Հասարակություն
«ՄԵՐ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԸՆԿԵՐ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ». ԱՅՍՊԵՍ ՄԱԿԱԳՐԵԼՈՎ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ
«ՄԵՐ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԸՆԿԵՐ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ». ԱՅՍՊԵՍ ՄԱԿԱԳՐԵԼՈՎ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ
ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում այսօր՝ գիրք նվիրելու տոնին ընդառաջ, մի շարք դպրոցների լավագույն աշակերտներ պարգևատրվեցին գրքերով:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ-ն, ներկա էին ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն ու հարազատները, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ:

 

 

Հյուրերին ողջունեց ԵՊՀ շրջանավարտ Աննա Գարեգինյանը՝ նշելով, որ Գևորգն այս անգամ նույնպես բոլորին համախմբել է. «Պատահական չէ, որ մեզ բոլորիս միավորել է Գևորգը՝ իր կրթության, ինքնակրթության, մշտապես առաջ գնալու և պայքարելու կարևորագույն մոտեցումներով: Գևորգը սովորել և ավարտել է գերազանց առաջադիմությամբ՝ մշտապես կարևորելով ինքնակրթության դերը»:

 

Աննան հիշեց նաև, որ Գևորգն ու նրա «գրադարանի ընկերներից» Դավիթը գրադարանում մնում էին այնքան ժամանակ, մինչև գրադարանի աշխատողները խնդրում էին դուրս գալ՝ ասելով, որ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել է: 

 

«Գևորգը Մայր բուհի և Հայաստանի ազգային գրադարաններին վերաբերում էր ինչպես իր հարազատ տանը, ինչն էլ վարակիչ էր մյուս ուսանողների համար,- ասաց Աննան ու տեղեկացրեց,- այսօր մենք մեր սրտերում հավերժ ապրող Գևորգի հետ միասին գրքեր ենք  նվիրելու իր անունը կրող ընթերցասրահին, քանի որ Գևորգը նպատակ ուներ ԵՊՀ գրադարանի գրքերի բազան ավելացնելու, ինչը ենթադրում էր նաև հեղինակային թարգմանություններով հագեցնել սիրելի բուհի գրադարանը»:

 

«Մեր ֆանտաստիկ ընկեր Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահին». ահա այսպես մակագրելով՝ ուսանողներն ու աշակերտները հագեցնելու են հերոսի անվան ընթերցասրահը:

 

 

 

«Ընթերցողը, տեսնելով այս մակագրությունը, յուրաքանչյուր էջերում զգալու է Գևորգի շունչն ու պատգամը»,- նշեց Աննան:

 

Գևորգ Արշակյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ մի շարք դպրոցների աշակերտներ պարգևատրվեցին գրքերով:

 

 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաներից Սամվել Դավթյանը, որը միջոցառման ժամանակ երաժշտական կատարմամբ հիշեց իր ավագ ընկերոջը, նշեց, որ հպարտությամբ է եկել այստեղ. «Հայրենասեր, ազգանվեր, կարեկցող հայի կերպարի լավագույն մարմնացումն էր Գևորգը, որը մեզ՝ իր կրտսեր ընկերներին, համախմբվելու, պայքարելու և մեկ բռունցք դառնալու պատգամը թողեց»:

 

 

Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում գրքեր նվիրեցին ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողների:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: