16.02.2018 | 
Հասարակություն
ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԳՐՔԵՐՈՒՄ
ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԳՐՔԵՐՈՒՄ
Փետրվարի 15-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Հայ ինքնությունը օտարների աչքերով», «Հայն ու Հայաստանը օտարի աչքերով» և «Հայը օտարների ընկալմամբ» գրքերի շնորհանդեսը:

Հայ ինքնության և արժեհամակարգին առնչվող խնդիրներին նվիրված գրքերիհեղինակը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Նաիրա Գասպարյանն է:

 

Գրքերը լույս են տեսել 2017 թվականին: Առաջինը մենագրություն է, որը քննում է հայ ժողովրդի արժեհամակարգային հարցերը: Երկրորդ աշխատությունում հեղինակը հայ ընթերցողին է ներկայացնում անգլիացի ազնվական, պառլամենտի անդամ լորդ Նոել Բաքսթոնի ֆոնդերի տնօրեն Հարոլդ Բաքսթոնի «Ճամփորդությունն ու քաղաքականությունը Հայաստանում» ուղեգրության բնագրից կատարած թարգմանությունը և ծանոթագրությունները:

 

«Մենք այսօր ունենք արժեհամակարգային լուրջ խնդիրներ: Ուզում եմ միայն, որ մեր երիտասարդները հիշեն մի բան՝ մենք միայն կոտորվող և ցեղասպանվող չենք: Մենք նաև այնպիսի մշակույթ ստեղծող ենք, որն ունի համաշխարհային արժեք: Իմ նպատակը մեկն է՝ այս աշխատություններով Բաքսթոններին ծանոթացնել հայ ընթերցողին և գիտությանը, քանի որ նրանք իրոք արժեքավոր գործ են արել»,- պատմեց Նաիրա Գասպարյանը և շնորհակալություն հայտնեց գրքերի հրատարակման գործում իրենց ավանդն ու աջակցությունը ունեցած մարդկանց: 

 

 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

«Հայն ու Հայաստանը օտարի աչքերով» գրքի խմբագիր, բան. գիտ. դոկտոր Սեդա Գասպարյանը բացման խոսքում նշեց. «Ազգային ինքնատիպությունը այն կարևորագույն արժեքն է, որի հետ պետք է հաշվի նստի համաշխարհային հանրությունը: Յուրաքանչյուր ազգ պետք է չկորցնի այդ ինքնատիպությունը»:

 

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանի հավաստմամբ՝ իսկապես մեծ աշխատանք է կատարվել: Կարևորելով նմանօրինակ ուսումնասիրությունների կատարումը՝ նա նշեց, որ դրանք նպաստում են ոչ միայն հայ ինքնության ավելի խորը իմացությանը, այլև միջմշակութային հաղորդակցման գործընթացների ամրապնդմանը:

 

«Մենք ունենք մի հետաքրքիր աշխատություն, որում ներառված է ոչ միայն վերլուծական մաս, այլև թարգմանչական մեծ աշխատանք: Դա խոսում է այն մասին, որ Անգլիական բանասիրության ամբիոնում տեսական աշխատանքը զուգորդվում է պրակտիկ աշխատանքի հետ՝ ընթերցողների լայն շրջանակին այսպիսի կարևոր աշխատանքներ ներկայացնելու համար»,- հավելեց Սամվել Աբրահամյանը:

 

Աշխատությունների մասին խոսեց նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. «Երկու գրքերի վերնագրերում էլ մեկ անգամ ևս տեսնում ենք, որ, ի վերջո, ազգին ճանաչել նշանակում է ճանաչել տվյալ ազգի ինքնությունը, որովհետև ինքնությունն է ամբողջության մեջ ներկայացնում տվյալ ազգին: Ինքնությունը պատկերացնելու համար նախ պետք է օտարի աչքերով նայես քեզ և ինքդ ներսից փորձես այդ ինքնությունը գնահատել և հասկանալ»:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ փաստեց, որ այս աշխատությունները պետք է լինեն ուսանողների ուշադրության առարկան. «Եթե մենք չկարևորենք մեր ինքնությունը և չտեսնենք դրա կարևորումը օտար հեղինակների կողմից, ապա էականորեն կթուլացնենք մեր դիրքերը ինքնությունների պատերազմում: Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք գերհզոր ենք ինքնության առումով, այդ իսկ պատճառով հայերը դժվարություններից հաղթող են դուրս գալիս ինքնությունների ճակատամարտերում»:

 

Հավելենք, որ գրքերը մասնագիտական տեսանկյունից նախատեսված են լեզվաբանների, մշակութաբանների, միջազգայնագետների և պատմաբանների համար:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։