18.04.2018 | 
Հասարակություն
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Քալանթարյանը տնօրինում է նաև Տավուշի մարզի Չորաթան համայնքում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնը:

 

Մեզ հետ զրույցում Էդգար Քալանթարյանը պատմեց կենտրոնի գործունեության և սահմանամերձ գյուղին տրամադրված օգնության մասին:

 

«Մխիթար» երիտասարդական կենտրոնը հովանավորվում է Մխիթարյան միաբանության կողմից: Կենտրոնի շնորհիվ սահմանամերձ գյուղի առօրյան մշակութային է դառնում:

 

Երիտասարդական կենտրոնում կրթությունն անվճար է, այստեղ երեխաները հմտություններ են ձեռք բերում ձեռագործության, հայկական ավանդական պարերի, գորգագործության, շախմատի, մարմնամարզություն, ասմունքի և երաժշտության ոլորտներում:

 

Կենտրոնում ուսանում են շուրջ 100 երեխաներ: Սա բավականին կարևոր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ գյուղի դպրոցում սովորում են 105 երեխաներ: Այսինքն՝ գրեթե բոլորը հնարավորություն ունեն իրենց առօրյան լցնելու մշակութային կյանքով և նոր գիտելիքներով:

 

«Մխիթար» կենտրոնը մեծ դեր ունի նաև երեխաների ապագա մասնագիտության կողմնորոշման ընտրության հարցում: Այնտեղ ստացած մասնագիտական գիտելիքների շնորհիվ  կենտրոնի աշակերտները հստակ քայլերով  ուսանողներ են դառնում ու համալրում համալսարանականների և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սովորողների շարքերը:

 

Կենտրոնի ամենակարևոր նպատակներից մեկը սահմանամերձ գյուղի երիտասարդներին հենց իրենց գյուղում աշխատելու ու գործելու հնարավորություններ ստեղծելն է, ինչի վառ դրսևորումը պարի նոր խմբակի բացումն էր, որի պարուսույցը կենտրոնի նախկին սաներից մեկն էր: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև համայնքի կողմից:

 

Արդեն գրանցած հաջողությունը և մարդկանց ոգևորությունը նոր մտքերի և համագործակցությունների ստեղծման հիմքեր դարձան, քանի որ կենտրոնը համագործակցում է շատ այլ կրթական հաստատությունների հետ: «Մխիթար» երիտասարդական կենտրոնը համագործակցություն է սկսել նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ:

 

Երևանի պետական համալսարանը միշտ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ինչպես Արցախյան ազատամարտի զոհերի ընտանիքներին, այնպես էլ սահմանամերձ գյուղերին՝ հնարավորության սահմաններում աջակցելով յուրաքանչյուրին:

 

Յուրաքանչյուր քայլ, որն օգնում է սահմանամերձ գյուղին և այնտեղ ապրող մարդկանց, փոխում է առօրեական միջավայրն ու մարդկանց կենսակերպը:

 

Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ Տավուշի մարզի Չորաթան համայնքի մշակույթի կենտրոնն ունեցավ անհրաժեշտ գույք՝ սեղաններ, աթոռներ, մարզական գույք և այլն, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնը սահմանամերձ գյուղի պարի խմբին ապահովեց անհրաժեշտ հագուստով:

 

 

ԵՊՀ-ի կողմից մասնակի աջակցություն ցուցաբերվեց նաև տրամադրված գույքը սահմանամերձ գյուղ հասցնելու գործին: Այդ հարցում իր ներդրում ունեցավ նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:

 

Բնականաբար, տրամադրված գույքն ու ստացած ուշադրությունը ոգևորել էր ամբողջ գյուղին՝ հատկապես երեխաներին, ովքեր անհամբեր սպասում էին իրենց նվերներին:

 

Սահմանին ապրող մարդու համար ուշադրության յուրաքանչյուր նշան կարևոր և խորհրդանշական է: Գրեթե զուրկ լինելով տեխնիկական ժամանակակից հնարավորություններից՝ նա պետք է միշտ զգա, որ սահմանին միայնակ չէ, իսկ նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շարունակական բնույթ ունենան՝ լուսավորելով թե՛ սահմանային կյանքը, թե՛ սահմանին անցկացրած փշալարերը:

 

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ղեկավարած խմբի «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին: