10.12.2018 | 
Կրթություն
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականությունում» խորագրով դասախոսություն, որն անցկացրեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ-փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը:

Վարդան Աթոյանն անդրադարձավ ուղեղային կենտրոնների ստեղծման պատմությանը և զարգացման փուլերին: 

«Ուղեղային կենտրոնների առաջացումը պայմանավորված էր միջազգային հարաբերությունների բարդացմամբ,- պարզաբանում է փորձագետը,- պետությունների թվի  ավելացման հետ զուգահեռ ի հայտ են գալիս վերազգային կազմակերպությունները, որոնք իրենց ազդեցությամբ չեն զիջում կամ նույնիսկ գերազանցում են որոշ պետությունների հնարավորություններին: Միանձնյա որոշումներ կայացնելու ինստիտուտն այլևս արդյունավետ չէր»:

Ըստ փորձագետի՝ հենց այդ ժամանակ ստեղծվեցին տարբեր կազմակերպություններ, որոնք սկսեցին իրենց ինտելեկտուալ առաջարկներով օգտակար լինել պետությանը և որոշում կայացնողներին:

«Ուղեղային կենտրոնների նախատիպեր եղել են Մեծ Բրիտանիայում, ինչպես  նաև Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, բայց, որպես ինստիտուտ, այն իր հիմքերն ու ավանդույթները ձևավորել է ԱՄՆ-ում: Ամերիկան այդ առումով շատ նպաստավոր էր, քանի որ որդեգրել էր ժողովրդական պետություն լինելու ուղին»:

Այստեղ ամենակարևոր պայմաններից է նաև այն, որ պետությունը ստեղծում է պահանջարկ մի արտադրանքի համար, որն ունակ են տրամադրել  ուղեղային կենտրոնները:

«Ավտորիտար ռեժիմների դեպքում ուղեղային կենտրոնների գործունեությունն արդյունավետ չէ, քանի որ ռեժիմը մեծամասամբ միանձնյա որոշումներ կայացնելու համակարգ է ենթադրում, մինչդեռ ուղեղային կենտրոնների հիմնական աշխատանքը փորձագիտական հետազոտություն կատարելն ու խորհրդատվություն ներկայացնելն է»,- նշեց Վարդան Աթոյանը:

Հանրային քաղաքականության մեջ ուղեղային կենտրոններն իրականացնում են երեք հիմնական գործառույթ՝ հետազոտական-վերլուծական, կրթական և հաղորդակցային:

Ըստ փորձագետի՝ շատ կարևոր է, թե ինչպես է պետությունը կարգավորում ուղեղային կենտրոնների աշխատանքը:

«Պետության և ուղեղային կենտրոնների փոխհարաբերությունները պետք է լինեն հստակ և կայուն: Պետությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անի՝ աջակցելու ուղեղային կենտրոնների գործունեությանը, քանի որ ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու դեպքում ուղեղային կենտրոնները պետության համար կարող են ռազմավարական նշանակություն ունենալ»:

Վերջում փորձագետը ներկայացրեց ուղեղային  կենտրոնների՝ ԱՄՆ-ում և Չինաստանում գործունեության հաջողված փորձը:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին: