08.11.2018 | 
Հասարակություն
«ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Կառուցել ազգեր և պետություններ ցնցումների համատեքստում» խորագրով գիտաժողով:

ԵՊՀ-ի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի առաջին օրվա ընթացքում զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ամերիկյան, Ջորջ Վաշինգտոն, Հարվարդի, Սան Դիեգոյի, Կանադայի ՄակԳիլի պետական համալսարանների, ինչպես նաև Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ գիտաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ գիտաժողովի թեման շատ արդիական է, և համոզված է՝ զեկուցումներից հետո ծավալվելու են հետաքրքիր քննարկումներ:

Ներկաների ելույթները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, առաջնորդությանը, երկրների հակազդեցությանը, ինչպես նաև այդ ամենի ընթացքում պետությունների կառուցման գործընթացին: Անդրադարձ եղավ նաև Ղրիմի, Դոնբասի, Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության թեմաներին:

 

Կանադայի ՄակԳիլի համալսարանի ներկայացուցիչ Ջուլիետ Ջոնսոնը հանդես եկավ զեկուցմամբ՝ խոսելով Եվրամիության դրոշի և վերջինիս «շահարկման» թեմայից:

«Եթե մենք դիտարկենք ուկրաինական զարգացումները, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցած հեղափոխությունը, ապա շատ հաճախ կարող ենք հանդիպել այն դեպքերին, երբ ցուցարարները թափահարում էին Եվրամիության դրոշը: Երբ Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր, Եվրամիության դրոշը ծածանվում էր կառավարության շենքի դիմաց՝ Վրաստանի պետական դրոշի կողքին»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:

 

Ըստ բանախոսի՝ այնպիսի տպավորություն է, որ Եվրամիության դրոշը ցուցարարներին պետք է իրենց ընդդիմադիր կերպարն ամբողջացնելու համար և կառավարությանը ցույց տալու, որ վերջինս չի ընդունում կամ լավ չի հասկանում եվրոպական արժեքները:

Բանախոսը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական և քաղաքական շարժումներին, նշեց, որ վերջին իրադարձությունների ժամանակ առհասարակ չի նկատվել, որ ցույցի մասնակիցները հանդես գան Եվրամիության դրոշով:

«Ինձ հետաքրքիր էր «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին ներկաներից մեկին բարձրացնել Եվրամիության դրոշը»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:

 

Բանախոսները հանդես եկան նաև տարածաշրջանի մյուս երկրներին վերաբերող զեկուցումներով՝ մատնանշելով այդ երկրների անվտանգությանը, առաջնորդներին, ազգային ռեժիմին, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերը:

Գիտաժողովը շարունակվելու է նաև վաղը Սլավոնական համալսարանում

 

 

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: