30.06.2017 | 
Գիտություն
ԲԱՅՐՈՆԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 200 ՏԱՐՎԱ ՀԵՌՎԻՑ
ԲԱՅՐՈՆԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 200 ՏԱՐՎԱ ՀԵՌՎԻՑ
Աշխարհի տարբեր անկյուններից բայրոնագետները հավաքվել են Հայաստանում՝ ևս մեկ անգամ վերլուծելու և մեկնաբանելու նրա՝ հայերի հետ ունեցած առնչությունները:

43 տարի ԱՄՆ-ում, եվրոպական ու ասիական երկրներում կազմակերպվող՝ Բայրոնին նվիրված միջազգային գիտաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում, մասնավորապես ԵՊՀ-ում: Կազմակերպիչը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն է: Գիտաժողովի անցկացման համար ընտրվում են այն երկրները, որոնք ունեն բայրոնագիտության լավ դպրոց և նրա ժառանգության ուսումնասիրման հարուստ փորձ:

 

Թե որ երկիրն է հյուրընկալելու գիտաժողովը, որոշում է Բայրոնագետների միջազգային ասոցիացիայի նախագահությունը տարբեր երկրների ներկայացրած հայտերի քննարկման արդյունքում: Այս տարի «Բայրոն. ժամանակ և տարածություն» խորագրով գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 30 մասնագետներ ԱՄՆ-ից, Միացյալ թագավորությունից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն: Զեկուցումներ են ներկայացրել նաև հայ մասնագետներն ու ուսանողները:  

 

«Բայրոնի ստեղծագործական ընդհանուր ժառանգության մեջ մեր գիտաժողովում հատկապես շեշտադրվել են նրա առնչությունները հայերի հետ՝ սկսած Մխիթարյան միաբանությունից՝ 1816-17 թթ.-ից: Եվ փաստորեն մենք հիմա նշում ենք այդ առնչությունների 200-ամյակը: Մասնակիցների աշխարհագրությունն էլ ապացուցում է, որ Բայրոնի ժառանգությունը միշտ կենդանի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարբեր երկրներում: Իսկ մենք՝ հայերս, միշտ առանձնակի վերաբերմունք ենք ունեցել նրա նկատմամբ՝ հաշվի առնելով նրա համակրանքը հայոց լեզվի ու հայկական մշակույթի նկատմամբ»,- ասում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

 

 

Երկօրյա գիտաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: ԵՊՀ ղեկավարությունից բացի՝ մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Ջութիդ Մարգարեթ Ֆորնուորթը:

  

«Տպավորիչ է տեսնելը, թե քանի երկրների ներկայացուցիչներ կան այստեղ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի պետական համալսարանին՝ սա կազմակերպելու և ձեզ՝ ներկա լինելու համար: Եթե սա ձեր առաջին այցն է Հայաստան, վստահ եմ, որ անմոռանալի տպավորություններով եք հեռանալու»,- նշեց տիկին դեսպանը:

 

Գիտաժողովի կազմակերպման վերաբերյալ իր գոհունակությունը հայտնեց նաև Բայրոնագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Նաջի Օեյջանը, ով կարծում է, որ շատ խորհրդանշական է այս գիտաժողովը հենց Հայաստանում անցկացնելը:

 

Գիտաժողովի հիմնական զեկուցումը ներկայացրեց Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Բերնարդ Բիթթին, ինչին հաջորդեցին աշխատանքները առանձին սեկցիաներում: 

 

Նշենք, որ գիտաժողովի օրերին արտասահմանցի հյուրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 

  

 

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: