29.09.2008 | 
ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
«Երբ գրում էի «Հայերը» բանաստեղծությունը, գրիչս թաթախում էի ոչ թե թանաքի, այլ հայ ժողովրդի ցավի ու տառապանքի մեջ»,- գրել է բուլղարացի հռչակավոր բանաստեղծ Պեյո Յավորովը:
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայաստանը եւ Բուլղարիան. անցյալը, ներկան, ապագան» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը: Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ անցկացվող գիտաժողովը նվիրված է Սան Ստեֆանոյի պայմանագրի 130-ամյակին եւ բուլղար նշանավոր բանաստեղծ, ազգային ազատագրական շարժման մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ Պեյո Յավորովի 130-ամյակին: «Յավորովի նկատմամբ հայ ժողովուրդն ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նա մեծ անհատականություն էր, հայասեր մի մարդ, որի ստեղծագործությունները տոգորված են հայասիրությամբ: Նա նաեւ հայ ազգային ազատագրական շարժման գործիչների բարեկամն էր: Վերջիններիս եւ Յավորովի կենսագրություններն ինչ-որ տեղ նման են. նրանցով հիանում էին, բայց հասարակական կարծիքը ներկայացնողները նրանց հալածում էին»,- ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում էին թեմաների լայն ծիր` պատմություն, մշակույթ, երկու ժողովուրդների դարավոր հարաբերություններ, ներկա իրավիճակ եւ զարգացման հեռանկարներ: Գիտաժողովին ներկա էր Հայաստանում Բուլղարիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովը: Նա նշեց, որ 2009 թվականին Հայաստանում կանցկացվի Բուլղարիայի տարին: «Այս գիտաժողովը հայ-բուլղարական հարաբերությունների կարեւոր դրվագ է: Հուսամ` այն կամրացնի երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ գիտական կապերը: Վստահ եմ, որ այսուհետ էլ մեր հարաբերությունները կզարգանան նույն արդյունավետությամբ»,- նշեց դիվանագետը: ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետում վերջին մի քանի տարվա ընթացքում ուսումնասիրվում է բուլղարերենը, իսկ Սուրբ Կլեմենտ Օրչիդսկու անվան Սոֆիայի պետական համալսրանում` հայոց լեզուն, գրականությունը եւ հայոց պատմությունը: Անցյալ տարի երկու բուհերի միջեւ կնքված համագործակցության պայմանագիրը խիստ գործուն հիմքերի վրա է դրված, եւ արդեն իսկ նկատելի են առաջին արդյունքները: ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկ Աֆրիկյանը նոր է սկսել ուսումնասիրել բուլղարերենը. «Եկել եմ այս գիտաժողովին` մանրամասնորեն ծանոթանալու Բուլղարիայի մշակույթին եւ պատմությանը: Գիտեմ, որ շատ գեղեցիկ երկիր է: Դեռ չեմ եղել, բայց շատ կուզենամ տեսնել»: Սոֆիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Անտոանետա Անգելովան հետաքրքրվում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությամբ, այլեւ գրականությամբ: «Հայ գրականությունը բավականին հարուստ է: Ես հիացած եմ ձեր բազմաթիվ գրողներով ` Րաֆֆի, Թումանյան…»,- ասաց բուլղար դասախոսը: