Համալսարանական ազատամարտիկի հիշատակի օրը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաներն անցկացրին ակումբի ավանդույթներին համահունչ: Ակումբականների օրը սկսվեց Երեւանի թիվ 142 միջն. դպրոցում, որտեղ սովորել էր ազատամարտիկը:
«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցի աշակերտներին, եղան Վարդանի դասարանում: Վարդանի հիշատակին նվիրված օրը շարունակվեց ԵՊՀ-ում. հերոսի անունը կրող լսարանում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին հյուրընկալվեցին ոչ միայն ակումբի ներկայացուցիչները, այլեւ Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները:
«Հայերս սիրում ենք ասել, թե Նապոլեոնը, շատ այլ հայտնի մարդիկ հայ են, ու տարված ազգային սնապարծությամբ` մոռանում ենք մեր կողքին ապրող հերոսներին: Ժամանակն է, որ ազգային սնապարծությունը փոխարինենք ազգային գոյությամբ եւ նպատակասլաց մտածողությամբ»,- ասաց «Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող Աստվածատուր Պետրոսյանը: Յուրօրինակ դասին ներկա էր նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
«Ես հպարտ եմ, որ կռված տղաների մի մասն այստեղ է: Մենք փործում ենք մեր զգացողությունները ձեզ փոխանցել, որպեսզի հավատաք, որ ձեր մեջ էլ կան վարդաններ: Կան եւ կլինեն, սակայն ցանկանում եմ, որ կռվելու առիթ չունենաք, այլ խաղաղության մեջ ապրեք ու զարգացնեք մեր երկիրը»,-ասաց նա:
Հյուրերի թվում էր նաեւ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: Նա «Վարդանանքին» եւ Կոմադոսին նվիրեց իր վերջին գիրքը` «Հաղթազենները», որտեղ մանրամասն պատմել է նաեւ Վարդան Հովհաննիսյանի մասին: Ուսանողներին իր խոսքն ասաց նաեւ Վարդանի հայրը` Նասլետ Հովհաննիսյանը: «Լավ սովորեք, որ կարողանաք ինքներդ ձեզ բացահայտել: Լավ սովորեք ու միշտ մեկդ մյուսի թիկունք կանգնեք, որովհետե հենց ընկերական առօրյա հարաբերություններն են հաճախ դառնում ամուր ու միասնական պետության հիմքը»: