20.01.2010 | 
Քաղաքականություն, Կրթություն
ՏԵՄՊՈՒՍ IV ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ
ՏԵՄՊՈՒՍ IV ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր:

Հայաստանյան շուրջ 50 բուհերի ներկայացուցիչներ հավաքվել էին ծանոթանալու «Բարձրագույն կրթության բարեփոխումներ միջազգային համագործակցության միջոցով» խորագիրը կրող Տեմպուս IV ծրագրի 3-րդ մրցույթի պայմաններին: Տեղեկատվական ելույթներից առաջ ներկաներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ ԿԳՆ-ի, ԵՊՀ-ի, «Մասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ Տեմպուսի շրջանակում իրականացված ծրագրերը օգնում են հայաստանյան բուհերին հաղթահարելու նոր կրթակարգի ներդրմանն առնչվող խնդիրների մի մասը: Նախարարի խորհրդականը, սակայն, նշեց, որ բացթողումներ եւս կան, եւ հայաստանյան կողմը անում է ամեն ինչ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Տեմպուս IV ծրագրի 3-րդ մրցույթի պաշտոնական հրավերը ներկայացրեց ԵՄ կրթության, տեսաձայնային եւ մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Ֆրանց Շտեյդլերը: Ներկաները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու Տեմպուս ծրագրի հիմնական գործառույթներին եւ մասնակցությանն առնչվող տեխնիկական պայմաններին: Առանձին զեկույցներով մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի համար Տեմպուս ծրագրի առաջնահերթությունները, էլեկտրոնային դիմումի ձեւն ու ներկայացման պայմանները, հաջողված ու չհաջողված դիմումների ներկայացման փորձառությունը, բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ այլ ծրագրեր: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, կարեւորելով Տեմպուս ծրագրի դերը հայաստանյան բարձրագույն կրթության զարգացման գործում, առաջարկեց այսուհետ առավել մեծ ուշադրություն դարձնել բուհերի կողմից առաջարկված եւ մերժված ծրագրերին: «Միայն մեր մասնակցությամբ նախորդ տարի 20 ծրագիր է ներկայացվել Տեմպուսին: Առավել արդյունավետ կլինի աշխատանքը, եթե մենք ավելի մանրամասն տեղեկատվություն ստանանք, թե ծրագրերից ամեն մեկն ինչու է մերժվել, որ կետերի, ինչ բացթողումների պատճառով»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Տեմպուս ծրագրի շրջանակում Վրաստանում առկա զարգացումների ու ընթացող բարեփոխումների մասին զեկույցով հանդես եկավ Տեմպուս ծրագրի Վրաստանի ազգային գրասենյակի ղեկավար Լիկա Գլոնտին: Կոնկրետ ծրագրերի համար հայաստանցի գործընկերներ փնտրելու նպատակով Հայաստան ժամանած Գլոնտին կարեւորեց ծրագրի շրջանակում Հայաստան-Վրաստան համագործակցությունը: Նա վստահ է` համատեղ ծրագրերը անհրաժեշտ են ու խիստ շահեկան երկու կողմերի համար էլ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։