16.01.2019 | 
Գիտություն
«CES-2019» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
 «CES-2019» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
Ինքնաթիռ, որը կծառայի որպես տաքսի, 21 լեզու հասկացող ու թարգմանող ականջակալ և այլն. «CES» կենցաղային էլեկտրոնիկայի 2019 թվականի ցուցադրությունն աչքի ընկավ իր տեխնիկական մասով։

«Consumer Electronics Show»-ն (CES) կենցաղային էլեկտրոնիկայի ցուցադրություն է։ Այն աշխարհում ամենամեծ ամենամյա ցուցադրությունն է, որն անցկացվում է հունվարին Լաս-Վեգասում։ Անցած տարի այն այցելել էր 182 հազար մարդ, սակայն այս անգամ այցելուների թիվն ավելի մեծ էր։

Եթե հաշվի առնենք, որ ցուցահանդեսին մասնակցում են միայն հետաքրքրվածները, և այստեղ չես հանդիպի «պատահական» մարդկանց, ապա կարելի է ասել, որ էլեկտրոնային արդյունաբերությունը, բացառությամբ «Apple»-ի, հավաքվում է Լաս-Վեգասում։

«CES»-ը կենցաղային էլեկտրոնիկայի 2019 թվականի առաջին ցուցադրությունն է, որտեղ գլխավոր ցուցանմուշները ոչ թե ապրանքներն էին, այլ այն տեխնոլոգիաները, որոնցով դրանք ղեկավարվում են։

Կարելի է կարծել, որ կենցաղային տեխնիկան, ինչպես, օրինակ, հեռուստացույցները, կամ ականջակալները մեզ առաջարկելու ոչ մի նոր բան չունեն, սակայն դա այդպես չէ։ Մեծ ջանքերի ու ավելի մեծ ծախսերի շնորհիվ տարբեր ընկերությունների էլեկտրական տեխնիկան դեռ ասելիք ունի։

• Այսպիսով՝ «CES-2019»-ի ամենաինտրիգային ցուցանմուշը, թերևս, «Samsung»-ինն էր։ Այս հայտնի ընկերությունն այնպիսի մի քայլ կատարեց, որն «Apple»-ը հաստատ չէր հաշվարկել։ «Samsung»-ը հայտարարեց, որ իր նոր հեռուստացույցներն արդեն իսկ ունեն «iTunes», այսինքն՝ այս հեռուստացույցներով կարող են միացնել ֆիլմեր, հեռուստահաղորդումներ ու երաժշտություն հենց «Apple» սարքավորումից։ Բացի դրանից՝ ընկերության «LG» ու «Vizio» հեռուստացույցներն էլ ունեն «HomeKit» գործիքը, որի միջոցով «iPhone» օգտագործողները կարող են իրենց հեռախոսի «Home» կամ նույնիսկ «Siri» հավելվածով կառավարել դրանք։  



• Օրեցօր առցանց խանութներից գնումներ կատարողների թիվն ավելանում է, իսկ առաքող ընկերությունները չեն հասցնում պատվերը ճիշտ ժամանակին հասցնել պատվիրատուին տարբեր պատճառներով. խցանումներ, ավելի շատ պատվերների, քան առաքիչների թիվն է և այլն։ «Continental» ընկերությունը գտել է լավագույն տարբերակը և ներկայացրել այն «CES-2019»-ին։ Փոքր անվարորդ բեռնասայլ և արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտ-շներ. ահա առաքումն ավելի հարմարավետ դարձնելու նրանց տարբերակը։ Առանց վարորդի կառավարվող բեռնասայլում տեղավորվում են մեկ տասնյակ շներ, որոնց թիվը, ըստ անհրաժեշտության, կարելի է ավելացնել։ Բեռնասայլի տեղ հասնելուն պես շներն իջնում են մեքենայից ու բավականին մեծ հեռավորության վրա իրականացնում առաքում։ Նրանց կոմպակտ չափսերն ու արագությունը թույլ են տալիս ավելի հարմարավետ դարձնել առաքման ծառայությունը։ Այս առաջարկությունն այնքան լավն էր, որ հնարավոր է առաջիկայում հանգեցնի մեծ թվով առաքիչների անգործությանը:



• Դուք մտածում էիք, թե երբ եք վերջապես կարողանալու խուսափել ճանապարհային խցանումներից ու օգտվել ֆիլմերում հանդիպող օդային սարքերի՞ց. այդ ժամանակն արդեն եկել է. «CES-2019»-ի ժամանակ «Bell Helicopter» ընկերությունը ներկայացրել է «Nexus»-ի կատարելագործված նախատիպը, որն իր 6 շարժիչներով ապահովում է թափքում առավելագույն անաղմուկ մթնոլորտ ու թռիչքի ավելի մեծ երկարություն։ Այս մոդելն արդեն կարելի է կիրառել բոլոր քաղաքներում, քանի որ իր կատարելագործվածության շնորհիվ այն կարող է թռիչքի մեկնարկ կատարել ու իջնել բոլոր այն տարածքներում, որտեղ կա որոշակի հարթակ՝ շենքի տանիք, բացատ և այլն։ «Nexus»-ը կարող է տեղափոխել 2,7 տոննա ծանրություն և արդեն 2021 թվականին այն կմտնի կիրառության մեջ։ Մարդիկ կկարողանան իրենց հեռախոսների համապատասխան հավելվածի միջոցով պատվիրել այն, ինչպես պատվիրում են տաքսի կամ պիցցա։



• Հասկանալ օտարալեզու զրուցակցիդ առանց թարգմանչի օգնության համաժամանակյա զրույցի ժամանակ արդեն հնարավոր է։ Չինական «Timekettle» ընկերությունն այս ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է ականջակալներ, որոնք թույլ կտան համաժամանակյա շփվել օտար լեզվով խոսող անձնավորության հետ։ Օգտագործողը կարող է խոսել իր մայրենի լեզվով, իսկ «Plus WT2» հավելվածը նրա խոսքը կթարգմանի 21 լեզուներից այն մեկով, որը հասկանում է զրուցակիցը, իսկ վերջինս կկարողանա լսել խոսողին իր ականջակալի միջոցով ու պատասխանել նրան։ Ականջակալը սպասարկող «Plus WT2» ծրագիրը կարողանում է հասկանալ նաև անգլերենի ու ռուսերենի տարբեր արտասանությունները, իսկ մոտ ապագայում այն կկարողանա հասկանալ ևս 15 լեզու։ Բացի դրանից՝ եթե հիմա իրար հետ կարող են խոսել միայն երկու հոգի, ապա «Timekettle»-ը խոստացել է, որ մոտ ապագայում կմեծացնի զրուցակիցների թիվը։ Ականջակալից օգտվելը չափազանց հեշտ է. պետք է անլար ականջակալը դնել ականջի մեջ, միացնել հեռախոսի համապատասխան հավելվածն ու միավորել այն ականջակալի հետ «Bluetooth»-ի միջոցով։ Սարքը 15 վայրկյանում մշակում է խոսքը ու 5 վայրկյանում թարգմանում այն։ Նույնիսկ աղմկոտ վայրում նրա ճշտությունը 95 տոկոս է։ «Timekettle Plus WT2» սարքավորումն արդեն վաճառվում է, նրա գինն է 219 դոլար։ Չե՞ք կարծում, որ այդքան մատչելի ու արդյունավետ սարքը սպառնում է գործազուրկ դարձնել համաժամանակյա թարգմանիչներին։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։