09.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ԼՐԱԳՐՈՂԸ` ՊԱՀԱՊԱՆ ԿԱՄ ԴԱՀԻՃ
ԼՐԱԳՐՈՂԸ` ՊԱՀԱՊԱՆ ԿԱՄ ԴԱՀԻՃ
«Մեզանում հիմա կա «դահիճի հոգեբանությամբ» ապրելու միտում: Եվ դրանից զերծ չեն անգամ լրագրողները»:

Այս կարծիքին է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Ապրիլի 9-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հրավերով ապագա լրագրողներին էր հյուրընկալվել փորձառու լրագրողն ու Ժուռնալիստների միության ղեկավարը:

 

Իր զրույցը տիկին Գեւորգյանը սկսեց սիրո խոստովանությամբ. «Ինձ համար Երեւանի պետական համալսարանը մնում է միակը, անկրկնելին, տաճարը, որին պարտական եմ` իմ մասնագիտության ոլորտում ինչ-որ մեկը դառնալու համար: Բոլորիդ խնդրում եմ երբեք չմոռանալ, որ Պետական համալսարանի շրջանավարտն եք: Ինքս ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը (այն ժամանակ նորաբաց բաժին էր)»:

 

Աստղիկ Գեւորգյանը նախ եւ առաջ ներկայացրեց իր կենսագրությունը, բուհից մինչեւ Ժուռնալիստների միություն անցած ճանապարհը. «Ես աշխատում էի «Սովետական Հայաստան» թերթում, երբ 1970 թվականի մայիսին ինձ ընտրեցին Ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղար: Այդ ժամանակվանից էլ ղեկավարում եմ այս կառույցը: Շատ երկար եմ աշխատում եւ չեմ հոգնում նույն տեղում աշխատելուց: 1992 թվականի հոկտեմբերի համագումարում ընտրվեցի միության նախագահ»: ՀԺՄ հերթական` 11-րդ համագումարը այս տարվա հունիսին է, որտեղ էլ նախագահի նոր ընտրություններ կլինեն: Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնադրվել է 1959 թվականին:

 

Մեկ ամսից լրանում է միության գործունեության 50-ամյակը: Տիկին Գեւորգյանը սրտնեղեց, որ իրենք չունեն ֆինանսական համապատասխան միջոցներ` պատշաճ մակարդակով նշելու Ժուռնալիստների միության կեսդարյա հոբելյանը: «Եթե չենք նշելու գեղեցիկ, շքեղ, եթե դա չի դառնալու ժուռնալիստական տոն, ուրեմն իմաստ չունի առհասարակ նշել»,- ասաց նա: Ուսանողներին ներկայացնելով արդի լրագրության մարտահրավերները եւ խնդիրները` տիկին Գեւորգյանը նկատեց, որ լրագրողի մասնագիտության մեջ մի անարդար բան կա. լրագրողին ավելի շատ խփում են, քան գովաբանում: Բայց թերեւս հենց դրա շնորհիվ է լրագրողի մեջ ինքնապաշտպանական մեխանիզմ մշակվում:

 

«Լրագրողը հասարակության պահապանն է, քանի որ հենց իր շնորհիվ է ձեւավորվում հասարակական կարծիք: Մենք այնտեղ ենք, որտեղ թեժ է, որտեղ վախենում են մեր ստորագրությունից անգամ, մենք այնտեղ ենք, որտեղ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է պետք, որտեղ սուր աչք է պետք…»,- վստահ է Աստղիկ Գեորգյանը: Նա հորդորեց զինվորագրվել լրագրողական բարոյագիտությանը, չխախտել էթիկական նորմերը, լինել ճշգրիտ եւ անաչառ. «Խոսքի ազատության իրավունքը բնավ չի նշանակում անցում ամենաթողությանը: Եվ եթե ինչ-որ մեկին պետք է քննադատեք, ապա նյութում ներկայացրած մեկ փաստից բացի, գրպանում պետք է ունենաք եւս տասը, որ կարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը»:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական եռօրյա նստաշրջանը:
ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ՍՈՒՀԱՅԼԱՆ Մ. ԽԱԼԻԼ ԱԼ-ՋՈՒԲՈՒՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Սուհայլան Մ. Խալիլ ալ-Ջուբուրին և երկրորդ քարտուղար, դոկտոր Սաադ Ֆադալա Համզա ալ-Ադդայը: