07.12.2007 | 
ՀԻՆ ՔԱՂԱՔԸ` ՆՈՐ ԱՉՔԵՐՈՎ
ՀԻՆ ՔԱՂԱՔԸ` ՆՈՐ ԱՉՔԵՐՈՎ
2005 թվականին հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 11-ը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ.-ին ԼՂ հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից հիմնած Տիգրանակերտ քաղաքը, որի տարածքում, հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, հետախուզական պեղումներ են սկսվել 2006թ-ից: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության (www.tigranakert.com): Դեկտեմբերի 3-ին բացված ցուցահանդեսը կազմակերպել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, իսկ նյութերը տրամադրել է Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, ով ղեկավարել է արշավախմբի աշխատանքները: «Ցուցահանդեսի հիմնական նպատակը ուսանողության շրջանում մեր պատմական հայրենիքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է»,- նշում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Վահրամ Թոքմաջյանը եւ հավաստիացնում, որ ուսանողների արձագանքները գերազանցել են իրենց սպասելիքները: Ցուցադրվող լուսանկարներն ու քարտեզները ներկայացնում են Տիգրանակերտի 2006-2007 թթ.-ի պեղումների արդյունքները: Ցուցահանդեսն իր բնույթով մեկնարկային է: Վահրամը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են ցուցահանդեսներ` նվիրված ոչ միայն Տիգրանակերտի պեղումների հետագա ընթացքին, այլ նաեւ այլ քաղաքների: Ցուցահանդեսը ոչ միայն մեկնարկային է, այլեւ շարժական: Տիգրանակերտի լուսանկարները շուտով կցուցադրվեն նաեւ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: Կազմակերպիչները հրավեր են ստացել նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից: