12.01.2022 | 
Գիտություն
«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՄՇԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՈՐ ԵՎ ԱՐԱԳ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԵԹՈԴՆԵՐ
«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՄՇԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՈՐ ԵՎ ԱՐԱԳ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԵԹՈԴՆԵՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի «Covid-19-կապակցված միկոզներով հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատումը» գիտական թեման ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի կողմից:

Համալսարանական դասախոսի ներկայացրած նախագծի գիտական նորույթը «COVID-19»-կապակցված միկոզներով տառապող հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատման նոր մոտեցումների մշակումն է: Դրանց պարզաբանումն ու բազմակողմանի հետազոտումը միանգամայն անհրաժեշտ են նախազգուշական և բուժական միջոցառումների մշակման տեսական հիմքերի ստեղծման համար:

 

«1922 թ. անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը Լուքսորում՝ Թագավորների սարահարթում, հայտնաբերեց Թութանհամոնի դամբարանը: Հետագա 7 տարիների ընթացքում Քարտերի արշավախմբի 29 անդամներ վաղաժամ մահացան: Առաջինը մահացավ հնէաբանի  հովանավորը՝ լորդ Քարներվոնը, որը նրա հետ միասին մտել էր դամբարան: Շուտով լրագրողները սկսեցին գրել  փարավոնների անեծքի մասին: Իրականում վերջիններիս մահվան պատճառը միկոտոքսիններն էին»,- պարզաբանում է Ա. Կարապետյանը:

 

 

Միկոզները հիվանդություններ են, որոնց հարուցիչներն ախտածին սնկերն են: Ներկայումս  հայտնի են ախտածին սնկերի 100, իսկ պայմանականորեն՝ 400 տեսակներ: Այդ սնկերը տարածված են հողում, բորբոսասնկերի սպորները և սնկամարմնի մասնիկները մշտապես առկա են քաղաքների օդում, բնակարաններում, բաց տարածքներում: Ապացուցվել է, որ սնկամարմնի մասնիկները, որոնք հաճախ անջատվում են աղտոտված մակերևույթներից, պահպանում են իրենց կենսունակությունը և կարող են աճել: Համապատասխան պայմանների առկայության դեպքում ախտածին սնկերի սպորները կամ սնկամարմինը ներդրվում են մարդու հյուսվածքների մեջ և առաջացնում են միկոզային պրոցեսներ: Սնկերից արտադրվում են թունավոր նյութեր՝ միկոտոքսիններ, որոնք պատճառ են դառնում օրգանիզմում զանազան ախտաբանական երևույթների զարգացման համար:

 

«Ներկայումս տարբեր երկրներում դիտվում է միկոզներով հիվանդացության աճ, որն էլ  պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին դա այն հիվանդությունների աճն է, որոնք ուղեկցվում են իմունային անբավարարությամբ: Միկոզներով հիվանդացության աճը պայմանավորված է նաև հակաբիոտիկների չվերահսկվող կիրառմամբ, որոնք, ճնշելով բակտերիաների աճը, առաջացնում են դիսբակտերիոզ: Դրա հետևանքով զարգանում է սնկային ինֆեկցիան: Վերին շնչուղիների միկոզները դիտվում են բավական հաճախ, քանի որ այդ օրգանների լորձաթաղանթը, ինչպես նաև մաշկը սնկային վարակների դեմ առաջին պատվարն են և տեղակայման առաջին վայրը»,- ասում է ԵՊՀ դոցենտն ու հավելում, որ «COVID-19»  համավարակի պայմաններում համաշխարհային առողջապահության համար նոր մարտահրավերներ են առաջ գալիս, ուստի նոր և արագ ախտորոշիչ մեթոդների հայտնաբերումը, բուժման նոր մոտեցումները և պատվաստանյութերի անհրաժեշտությունը համարվում են հրատապ: 

 

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ  «COVID-19»-ով վարակված հիվանդների մոտ երկրորդային վարակների զարգացման հավանականությունը բարձր է և լուրջ սպառնալիք է առողջապահական համակարգի ու հիվանդների առողջության համար: Ամբողջ աշխարհում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հոսպիտալացված հիվանդների զգալի մասի օրգանիզմում զարգանում է երկրորդային սնկային ախտահարում, ինչը դառնում է բարդությունների և նույնիսկ մահվան պատճառ:

 

«Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում տեղի ունեցող ցիտոկինային հողմի հիմնական ցիտոկիններից է «Ինտերլեյկին 6»-ը, որը բազմաֆունկցիոնալ ցիտոկին է և կարող է կարևոր դեր ունենալ ասպերգիլների դեմ պաշտպանության թուլացման մեջ, ինչն իր հերթին մեծացնում է ասպերգիլոզի առաջացման հավանականությունը ծանր և ծայրահեղ ծանր «COVID-19»-ով հիվանդների դեպքում: Բացի դրանից՝ վիրուսային վարակների դեպքում առաջացած սուր շնչական դիսթրես համախտանիշով հիվանդների պարագայում առկա է ինվազիվ սնկերով ախտահարումների մեծ ռիսկ: «COVID-19» ասոցացված ինվազիվ թոքային ասպերգիլոզը (CAPA՝COVID-19 Associated Invasive Pulmonary Aspergillosis) նոր առանձնացված եզրույթ է և առայժմ լավ ուսումնասիրված չէ»,- փաստում է Ա. Կարապետյանը:

 

 

Ուստի առաջարկվող նախագծի արդիականությունըպայմանավորված է նրանով, որ շնչուղիների լորձաթաղանթի վրա «COVID-19» կապակցված միկոգեն գործոնների ախտածին և իմունածին ազդեցության հետևանքների հյուսվածաբանական և իմունահիստոքիմիական  օրինաչափությունները բավարար չափով ուսումնասիրված չեն. հետևաբար այս հետազոտության անհրաժեշտությունը հրատապ է և արդիական:  

 

Հավելենք, որ ներկայացվող հետազոտական ծրագիրը նախատեսվում է իրականացնել ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզոլոգիայի ամբիոնի ու մի շարք կլինիկական հաստատությունների հետ համատեղ:

 

«Մեր նախագծում ընդգրկված են նաև գիտական գործունեություն ծավալող բժիշկներ: Դա շատ կարևոր է, քանի որ մեզ հնարավորություն է ընձեռվում խնդրի տեսական և գործնական բաղադրիչները փոխկապակցելու համար: Ուստի մենք պատրաստվում ենք համագործակցության հուշագրեր կնքել մի քանի հեղինակավոր առողջապահական կենտրոնների հետ»,- ամփոփեց Ա. Կարապետյանը:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: