16.09.2008 | 
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավաբան ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ու փորձն ամրապնդել փախստականների իրավունքների պաշտպանության իրավաբանական կլինիկայում:
Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվեց փախստականների իրավունքների պաշտպանության իրավաբանական կլինիկա: Այն ստեղծվեց ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ ԵՊՀ-ի միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան: Այս հուշագրի շրջանակում նախատեսվում է փախստականների իրավունքի ոլորտի մասին հատուկ դասընթացի կազմակերպում, այս ոլորտում հետազոտությունների և ուսումնասիրությունների խրախուսում, դասախոսների ներգրավումը փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերվող բանավեճում, ուսումնական ձեռնարկի նախապատրաստում, ինչպես նաեւ դասախոսների եւ ուսանողների վերապատրաստում: «Այս համագործակցության հիմնական նպատակներն են փախստականների իրավունքների ոլորտին իրազեկ իրավաբանների նախապատրաստումը և նրանց հետագա ներգրավումը, փախստականներին, ապաստան հայցողներին, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի մտահոգության առարկա հանդիսացող այլ անձանց անվճար իրավաբանական ծառայություն ցուցաբերելը»,- կլինիկայի բացման արարողության ժամանակ նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան իր հերթին հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական կլինի, եւ ուսանողները ոչ միայն կուսումնասիրեն իրենց կողմից առաջարկված ծրագրերը, այլեւ կգրեն գիտական աշխատանքներ: Ի դեպ, փախստականների իրավունքների պաշտպանության իրավաբանական կլինիկայում կա ոչ միայն հայերեն եւ օտարալեզու մեծածավալ մասնագիտական գրականություն, այլեւ անվճար մուտք դեպի համաշխարհային առաջնակարգ իրավաբանական կայքեր: