Առաջադրված 7 խնդիրներից հինգը հաղթահարեց Արամ Շատախցյանը (ԻԿՄ, 2-րդ կուրս), նրան հաջորդեց Արմեն Մնացականյանը (ԻԿՄ, 3-րդ կուրս), իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Կարապետ Կոստանդյանը (ԻԿՄ 2-րդ կուրս): Պատվավոր երեք տեղերը զբաղեցրած ուսանողներին կհանձնվեն դիպլոմներ: Եվս 7 ուսանողներ կստանան խրախուսական պատվոգրեր: Արդեն 10-15 տարի է` ֆակուլտետում գործում է օլիմպիական կազմկոմիտե, որի նախագահն է Ռաֆայել Տոնոյանը:
Այս տարվանից Օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ ուսանողական խորհուրդը: Առաջադրանքները կազմում են Արմեն Անդրեասյանը եւ Ռաֆայել Տոնոյանը: Խնդիրներից երկուսը համեմատաբար պարզ էին, որպեսզի չլիներ 0 արդյունք ցուցաբերած ուսանող: Կային նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցներից եւ ոչ մեկը չհաղթահարեց: «Առաջադրանքները շատ բարդ չէին: Ուղղակի ուսանողները պիտի մի քիչ շատ մտածեին:
Կար խնդիր, որի միայն պահանջը երկու էջ էր, եւ եթե ուսանողը չալարեր ու մինչեւ վերջ կարդար, կկարողանար այն լուծել»,- ասում է Օլիմպիադայի մասնակից Մարտուն Կարապետյանը: Օլիմպիադային մասնակցում են նաեւ Ֆիզիկայի, Մաթեմատիկայի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել ծրագրավորման հետ: «Մեր հիմնական նպատակն է այսպիսի մրցաշարերի միջոցով պատրաստել կադրեր` նոյեմբերին Բաթումիում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու եւ եզրափակիչ դուրս գալու համար»,- ասում է ԻԿՄ ուսխորհրդի նախագահ Հովհաննես Սարգսյանը:
Ֆակուլտետում գործում է նաեւ օլիմպիական խմբակ` բաղկացած մոտ 60 ուսանողից: Շաբաթական երկու անգամ անցկացվում են պարապմունքներ: Իսկ նրանցից լավագույնները մասնակցում են օլիմպիադաներին (20-25 հոգի): Խմբակի ուսանողները հիմնականում առաջին կամ երկրորդ կուրսեցիներ են, ովքեր դեռ աճելու շատ տեղ ունեն: Հովհաննես Սարգսյանն ասում է, որ հիմնական շեշտը դրված է դպրոցական գիտելիքների վրա: Առաջատարներն այնպիսի ուսանողներ են, ովքեր դպրոցական տարիներին մասնակցել են տարբեր մրցումների ու օլիմպիադաների եւ զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ: Օլիմպիական խմբակի պարապմունքները երբեմն իրենք են անցկացնում: