01.04.2019 | 
Հասարակություն
ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴՅՈ՞Ք ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍՏԻ
ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴՅՈ՞Ք ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍՏԻ
Այսօր ապրիլի մեկն է՝ Ծիծաղի օրը, որը նշվում է ամբողջ աշխարհում: Ապրիլի մեկին զվարճանալու նպատակով ընդունված է կատակել հարազատների ու ծանոթների հետ։ Կատակը որոշակի սուտ է ենթադրում, որը, եթե այս դեպքում ներելի է, ուրիշ դեպքերում խիստ դատապարտվում է։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունն ամեն օր գեթ մեկ անգամ ստում է։

Ինչո՞ւ։ Մի՞թե սուտը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Իհարկե, կան ստի տարբեր տեսակներ, որոնցից ամենաանվնասները փորձել ենք դասակարգել։

Ստել բարության համար

Սա ստի տեսակներից այն մեկն է, որը ինչ-որ չափով կարելի է արդարացնել։ Բոլորս էլ գիտենք բժշկական էթիկայի մասին։ Եթե նույնիսկ հիվանդն անհույս է, նրան դրա մասին ուղիղ չեն ասում, այլ փորձում են հասկացնել ակնարկների միջոցով։ Կամ ընտանեկան հոգեբանները խորհուրդ են տալիս գովել երեխայի ամեն նախաձեռնությունը՝ նկարելը, երգելը կամ ինքնուրույն որևէ բան պատրաստելը, նրա մեջ ստեղծագործելու և ստեղծելու ցանկությունը չմարելու համար։

Ստել սնապարծության համար

Ստի այս տեսակը նպատակային է։ Հիմնակնում սնապարծությունից ելնելով՝ ստում են, որպեսզի քողարկեն թերություններն ու առանձնահատուկ երևան։ Նման ստի սիրահարները կարող են մանրամասնորեն հորինել, թե ինչ շքեղ տան մեջ են ապրում, ինչ թանկարժեք մեքենա ունեն և այլն։ Այս մարդիկ գիտակցում են, որ ստում են, սակայն չեն կարողանում դադարել ստել՝ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար։

Ստել պատմելիս

Ստի այս տեսակը միտված է պատմությունն ավելի հետաքրքիր դարձնելուն։ Մենք երբեմն ինչ-որ բան պատմելիս չափազանցնում ենք, մեր կողմից ինչ-որ բան ավելացնում պատմությանը։ Չի կարելի ասել, որ այն սուտ է, քանի որ, ինչպես գիտենք, բոլոր ժողովուրդների էպոսները հենց այսպես են միմյանց փոխանցվել մինչ գրի առնվելը։

Սուտը՝ որպես հիվանդություն

Պաթոլոգիկ սուտը հոգեկան հիվանդություն է, որով անկախ տարիքից տառապում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Այս մարդիկ ստում են ու անկեղծ հավատում են իրենց կողմից հորինած ստերին։ Գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ խրոնիկ սուտ խոսողների ուղեղը տարբերվում է սովորական մարդու ուղեղից։

Ստի տեսակներն այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք բազմաթիվ են։ Բայց արդյո՞ք առանց ստի աշխարհն ավելի լավը կլիներ։

Ysu.am-ն այս հարցի պատասխանը գտնելու համար սոցհարցում է կատարել (հարցին պատասխանել է 100 հոգի) համալսարանում հասկանալու համար՝ արդյոք մարդիկ կցանկանային ապրել մի աշխարհում, որտեղ սուտ ընդհանրապես չկա։

Հարցվածների 41 տոկոսը պատասխանել է «այո», իսկ մնացած 59 տոկոսը տվել է բացասական պատասխան։

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: