13.05.2019 | 
Հասարակություն
«ԿԱՍՊԻՑ ԾՈՎ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎ» . ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԿԱՍՊԻՑ ԾՈՎ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎ» . ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կասպից ծով՝ հնարավորությունների ծով» խորագիրը կրող գիտաժողով:
Գիտաժողովի կազմակերպիչը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն էր՝ Թուրքմենստանի դեսպանատան հետ համագործակցությամբ:

Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդգելդի Այազովը, ՀՀ տրանսպորտի, կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդնումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասսեր Սոբհանփուրը, Թուրքմենստանում ՀՀ նախկին դեսպան Արամ Գրիգորյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը:

 

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը և Թուրքմենստանը բարեկամական լավ հարաբերություններ ունեն, իսկ ԵՊՀ-ն դարձել է այդ բարիդրացիական հարաբերությունների համակարգողն՝ իր հարկի տակ ընդունելով երկու կողմերին:

 

«Ես մեծ սիրով բացում եմ այսօրվա միջոցառումը, որը վերաբերում է Կասպյան երկրների միջև փոխհամագործակցությանը։ ԵՊՀ-ն միշտ հետաքրքրված է եղել նմանաբնույթ գիտաժողովներով, հատկապես, որ դրանք ունեն մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն ամրապնդող նշանակություն։ Ուստի այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն մեր ուսանողների համար»։ 

 

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդգելդի Այազովը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

 

Նա ներկայացրեց 2019 թ. օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի Ավազի ազգային զբոսաշրջության տարածքում կայանալիք կասպյան առաջին տնտեսական համաժողովի մասին մանրամասները, ինչպես նաև ընդգծեց այդ համաժողովին կասպյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը. «Կասպից ծովն ունի տնտեսության և էներգետիկայի ոլորտներում մեծ նշանակություն։ Ուստի պահանջվում է մեծ պատասխանատվություն` համաժողովի նպատակներն իրագործելի դարձնելու համար»,- ասաց Մուհամմեդգելդի Այազովը:

Վերջինիս բնութագրմամբ, այս համաժողովը փոխշահավետ կլինի Թուրքմենստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերն առավել զարգացնելու առումով:

Ողջույնի խոսքից հետո ներկաները դիտեցին Թուրքմենստանի կասպիական ափին վերաբերող կարճամետրաժ ֆիլմ: Հյուրերը տեղեկացրին, որ համաժողովի նախօրեին՝ օգոստոսի 11-ին, կազմակերպվելու է կողմերի իրավասու մարմինների և Կասպից ծովի երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտերում համագործակցության վերաբերյալ քննարկում, այս ամենից բացի՝ նախատեսվում են Կասպյան երկրների գործարար շրջանակների հանդիպում, ինչպես նաև Կասպից ծովի երկրների գործարար խորհրդի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի կնքում:

 

Հյուրերի տեղեկացմամբ, օրակարգում ընդգրկված են խոշոր նախագծերի պայմանների ստեղծում, Կասպից ծովի տնտեսական նշանակության ՝ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, առևտրի, ագրոարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային փոխադարձ հետարքրքություն առաջացնող հարցեր, ինչպես նաև մշակութային ծրագրի կազմում:

 

Համաժողովի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Սոբհանփուրն իր ելույթում կարևորեց Եվրոպայի և Ասիայի սահմանագծին գտնվող Կասպից ծովի նշանակությունը և կոչ արեց դրա հանդեպ առավել ուշադրությունն ու «խնամք» դրսևորել:

 

Ծրագրային վերջին ելույթով Արամ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանին՝ բարեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման համար. «Կասպյան տարածաշրջանի երկրների հետ արդյունավետ համագործակցության զարգացումը եղել և մնում է սկզբունքային դիրքորոշում, և այդ առումով արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է այս քննարկումները կյանքի կոչելը»:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։