Հետազոտությունն իրականացրել է ԵՊՀ հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ-Հայաստան): Դեռևս անցյալ տարվա աշնանը հարավկովկասյան երկրների՝ պատահականորեն ընտրված շուրջ 6000 տնային տնտեսություններում արված հարցումները տեղեկատվություն են պարունակում Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, ԵՊՀ հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը, նույն կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Արտակ Այունցը, պետական պաշտոնյաներ ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Արդի պայմաններում ցանկացած բարեփոխում, սոցիալ-տնտեսական զարգացում իրականացնելու համար շատ կարևոր է ռազմավարական մոտեցումներ դրսևորել, իսկ այդ ամենի հիմքում ընկած են հետազոտությունները: Այդ հետազոտությունները պետք է նախ ունենան շարունակական բնույթ՝ անկախ նրանից՝ դրանք անցկացվում են անհատ մարդկանց, թե հասարակական կազմակերպությունների կողմից: Բացի այդ՝ պետք է առանձնակի տեղ հատկացնել համեմատություններին, որոնք անցկացվում են հարցումների շրջանակներում»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
Ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով հավաքագրված տվյալները բացառիկ հնարավորություն են ընձեռում ոչ միայն հետևելու հանրային կարծիքի և յուրաքանչյուր երկրում կենսամակարդակի փոփոխություններին, այլև վերլուծելու դրանք:
Հեղինե Մանասյանը նշեց, որ 2013 թ. հավաքագրված տվյալների միջոցով չբացահայտված որոշ միտումներ կարևոր կիրառություններ կարող են ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում:
«Չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր Հայաստանում (համապատասխանաբար 45% և 46%) և Վրաստանում (54% և 10%), մինչդեռ Ադրբեջանում կարևորագույն խնդիրներ են համարվել նախ չլուծված տարածաշրջանային հակամարտությունները, այնուհետև գործազրկությունը (համապատասխանաբար 38% և 25%)»,- ասաց տիկին Մանասյանն ու ավելացրեց, որ Հայաստանում 68%-ը հավատացած է, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, մինչդեռ Ադրբեջանում այդպես է կարծում 52%-ը, իսկ Վրաստանում՝ 76%-ը:
Հավելենք նաև, որ 2013 թ-ի հարցաշարը պարունակել է նաև տարածաշրջանային հակամարտությունների, մարդու իրավունքների ու դատական համակարգի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի և սոցիալական օժանդակության ծրագրերի մասին նոր հարցեր: