16.04.2018 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ  ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտրոներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան, Մայր բուհի  ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, նույն ֆակուլտետի ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնը Չարենցի անվան դահլիճում մինչ Ակադեմիական նվաճումների կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը միջոցառման ներկաներին ողջունեց ֆրանսիական երգերով: 

 

Նշենք, որ ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնը հիմնադրվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության  հովանավորությամբ,  որի ստեղծման համար  երկկողմ պայմանագրի  է ստորագրվել ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատայի կողմից:

 

ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան:

 

Ս. Աբրահամյանը, կարևորելով կենտրոնի բացումը, նշեց, որ այս տարի՝ հոկտեմբերին, Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը:

 

«ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնը հիմնադրվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և ԵՊՀ-ի ջանքերով,  որի բացումը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:  Կենտրոնի նպատակն է նպաստել ֆրանկոֆոն ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների գիտական առաջադիմությանը: Կենտրոնը հագեցված է ժամանակակից թվային տեխնիկայով, ինչը հնարավորություն կստեղծի կազմակերպելու առցանց դասախոսություններ և նպաստելու միջհամալսարանական ու միջբուհական կապերի զարգացմանը: Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և ԵՊՀ-ին այս կենտրոնի բացման աշխատանքներին աջակցելու համար»,- հավելեց Մայր բուհի  ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանը:

 

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ին Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացմանն աջակցելու համար:  

 

«Այս կենտրոնը կլինի կարծիքների փոխանակման և տարբեր հանդիպումների մի վայր, որը կնպաստի բուհում  ֆրանսերենի զարգացմանը: Շատ բնական է, որ այս կենտրոնի բացումը տեղի է ունենում ԵՊՀ-ում, քանի որ այն օրինակելի հաստատություններից է և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մասն է կազմում: Ձեր երկիրն այս տարի ամբողջովին ապրում է ֆրանկոֆոնիայի մթնոլորտում, քանի որ միջոցառումները չեն սահմանափակվում մեկ ամսով, այլ այս տարի՝ հոկտեմբերին, Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը: Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել  Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակը,  որին անդամակցում են 24 երկրներ և 109 համալսարաններ: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության պատրաստ է աջակցելու ցանկացած նորարարական ծրագրի»,- հավելեց նա:

 

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ) ամբողջովին ֆինանսավորել է կենտրոնին՝ ապահովելով տեխնիկական հագեցվածությունը . էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, տեսակոնֆերանսի համակարգ, համակարգիչներ:

 

ՖՀԳ-ն կենտրոնի աշխատանքային պլանի համապատասխան պարտավորվել է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել տարեկան մոտ երեք հազար եվրոյի չափով: Կենտրոնի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին ՝ ֆրանսերենի ուսուցման դասընթացներին, կլոր սեղաններին, քննարկումներին, ֆիլմի դիտումներին, տեսակոնֆերանսներին, պետք է ներգրավվեն ԵՊՀ բոլոր ֆրանկոֆոն ուսանողները:

 Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉՈՐԱԹԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԵՊՀ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ հայրենիքի պաշտպանության գործում կատարում են նույն դերը, ինչ սահմանին կանգնած զինվորը: Այնտեղ ապրող մարդն իր գոյությամբ ու կենսակերպով սահմանը դարձնում է կենսունակ ու շնչող:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։