Հանդիպման սկզբում ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով ուսանողներին, ասաց. «Արվելու է ամեն բան, որ ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական հատվածները շարունակաբար հագեցվեն նոր բովանդակությամբ: Կենտրոնական բանկի հետ իրականցվող այս միջոցառումն այդ գործընթացի օրինակներից մեկն է»:
ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ ուսանողներին աշխատաշուկայի հետ կապելը կենտրոնի առանցքային գործառույթներից մեկն է:
«Ուսանողն աշխատանք ստանալու համար ակադեմիական կրթություն ստանալուն զուգահեռ պետք է կարողանա որսալ իրեն ընձեռված հնարավորությունները: Մենք փորձում ենք իրենց տալ այդ հնարավորությունները: Կենտրոնական բանկն այսօր հանդես է գալիս ուսանողներին տարբեր ծրագրերում ներգրավելու նախաձեռնությամբ, ինչը բոլոր երիտասարդների համար է՝ առանց մասնագիտական սահմանափակման, առանց աշխատանքային փորձի»,- նշեց Կարինե Նազարյանը:
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ Տաթևիկ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկանում են երիտասարդների մուտքի նոր ուղի ստեղծել, ինչը հնարավոր կլինի համատեղել ուսման հետ:
«Ուսանողները 6 ամիս աշխատելու են նախագծի շուրջ կոնկրետ բաժնում (բաժնի ընտրությունը կախված է հարցազրույցի փուլից), իսկ 6 ամիս անց մշակելու են նոր նախագիծ, և այդպես 1.5 տարի: Նախագծի շրջանակում որևէ կոնկրետ հաստիք չկա, այլ ուսանողները կցվում են տարբեր թիմերի։
Ցանկանում ենք ծրագիրը ներկայացնել հնարավորինս շատ ուսանողների, և ամենակարևորը՝ անձամբ շփվել նրանց հետ, պատմել բանկի մասին, լսել՝ ինչ ցանկություններ ունեն՝ կապված աշխատանքի հետ, շոշափելի դարձնել կապը ՀՀ կենտրոնական բանկի հետ»,- ասաց Տ. Ավանեսյանը:
Ծրագրին կարող են դիմել 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները, համալսարանի շրջանավարտները, որոնք նպատակասլաց են, ջանասեր և պատասխանատու: