23.07.2019 | 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը,  Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, դասախոսներ, շրջանավարտներ և ծնողներ:

Հանդիսավոր արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը նախ ողջունեց ներկաներին, ապա իր խոսքն ուղղեց ուսանողներին:

 

«Սիրելի՛ ուսանողներ, դուք այս ընթացքում ոչ միայն հաղթահարել եք շատ խոչընդոտներ, այլև ապրել եք բերկրանքի և ցնծության պահեր,- ասաց պարոն Բարսեղյանը,- այսօր հենց բերկրանքի նման պահերից մեկն է, քանի որ դուք ստանում եք ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմ, որը ձեզ կօգնի մասնագիտական կյանքում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գրանցել»:

 

Այնուհետև ներկաներին ողջունեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ նշելով, որ այսօր ուսանողները ստացել են ոչ միայն իրենց դիպլոմները, այլև ձեռք են բերել համալսարանական անձնագիր, որը լինելու և համարվելու է նրանց մրցակցային առավելությունը:

 

Ուսանողներին շնորհավորեցին նաև Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը և Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, որոնք  իրենց հերթին ուսանողներին մաղթեցին կատարելագործել ձեռք բերած հմտությունները և չմոռանալ, որ կրթությունը շարունակական գործընթաց է:

Ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

Շրջանավարտներին դիպլոմները հանձնեց Էլինա Ասրիյանը: