04.06.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ՍՏԱՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ՍՏԱՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ 2018-19 ուստարում Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը:

Իրավաբանական կլինիկան՝ որպես Իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում, անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում  սոցիալապես անապահով անձանց, որոնք ի վիճակի չեն վճարելու իրավաբանական ծառայությունների համար:

 

Կլինիկան ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցներն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմող անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար՝ մատուցելով տարատեսակ իրավաբանական ծառայություններ՝ դիմումների, հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գանգատի նախապատրաստում, բանավոր պարզաբանումների և խորհրդատվության տրամադրում և այլն: Չնայած օրենքով ամրագրված սահմանափակումներին՝ որոշ գործերով ուսանողներն իրականացնում են նաև դատական ներկայացուցչություն։

 

 

Կլինիկայում իրավաբանական ծառայություններ մատուցած ուսանողների վկայագրերի հանձնման արարողության սկզբում կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ այն բուռն և հագեցած էր. «Այս տարի Իրավաբանական կլինիկա էր դիմել 42 ուսանող, որոնցից հարցազրույցի արդյունքում ընդունվեցին 31-ը: Եվս 29 ուսանող այս տարի ներգրավված է եղել «Իրավունք բոլորի համար» ծրագրի իրականացման աշխատանքներում: Այսօր 34 ուսանող ստանալու է ավարտական վկայագրեր: Տարվա ընթացքում ունեցել ենք շուրջ 119 գործ, որոնցից ավելի քան 90-ը հասցրել ենք ավարտին»:

 

Քնարիկ Վարդանյանն ասաց, որ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում կլինիկայի 29 ուսանող ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործընկերներ կազմակերպությունների հետ համագործակցության տարբեր ծրագրերով ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ իրավունքի տարբեր թեմաներով անցկացրել է դասընթացներ հանրակրթական դպրոցներում կամ ընդունելով աշակերտներին  ԵՊՀ-ում։ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները դասախոսություններ են անցկացրել Երևանի, Դիլիջանի, Արթիկի, Հրազդանի և Մեղրիի տարբեր դպրոցներում։

 

 

Նրա հավաստմամբ, փախստականների իրավունքի ոլորտում դպրոցականների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ի և «Առաքելություն Հայաստան»բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ ԵՊՀ իրավաբանական կլինիկան այս տարի ևս իրականացրել է «Իրավունք բոլորի համար. փախստականների իրավունք» ծրագիրը, որի շրջանակում կլինիկայի ուսանողները Երևան և Մեղրի քաղաքների մի շարք ավագ դպրոցների աշակերտներին և մանկավարժներին իրազեկել են փախստականների, ապաստան հայցողների և այլ տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ. «Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում կլինիկայի 16 ուսանող այցելել է հանրապետության 11 ավագ դպրոց, որտեղ սեմինար-քննարկումներ են անցկացրել փախստականների իրավունքներին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ»:                                                       

 

Քնարիկ Վարդանյանը փաստեց, որ «Գերմանական միջազգային համագործակցություն» (GIZ) կազմակերպության հետիրականացվել է «Իրավունք բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն էր հանրակրթական ավագ դպրոցների աշակերտներին և պրոֆեսորադասախոսական կազմին փոխանցել մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ գիտելիքներ և բարձրացնել դրանց վերաբերյալ իրազեկման մակարդակը. «Այս ծրագրի շրջանակում նախապես 24 ուսանող անցել վերապատրաստում ոլորտի լավագույն մասնագետների կողմից, որոնցից 9 ուսանողներ այնուհետև դասընթացներ են անցկացրել ՀՀ երեք մարզերի (Տավուշ, Շիրակ, Կոտայք) ավագ դպրոցներում»։

 

Իրավաբանական կլինիկայի տնօրենն ասաց նաև, որ այս տարվա առանձնահատկություններից էր նաև այն, որ ուսանողների կազմում ընդգրկված էին ոչ միայն առկա ուսուցման համակարգում սովորողներ, այլև հեռակա ուսուցման համակարգով կրթություն ստացող ուսանողներ:

 

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով ուսանողներին, փաստեց, որ ֆակուլտետի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսական լավ հիմքի վրա ուսանողներին գործնական հմտությունների փոխանցումն առաջնահերթություն է իրենց համար. «Այդ հարցում Իրավաբանական կլինիկայի գործունեությունն անմրցելի է: Իմ ամենամեծ ցանկություններից է, որ մեր բոլոր ուսանողները, առանց բացառության, ստանան կլինիկական կրթություն: Դա իրագործելու համար մենք կփորձենք ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները»:

 

Գագիկ Ղազինյանը փաստեց, որ կլինիկայի հաջողության գրավականներից մեկն այնտեղ ձևավորված առողջ մթնոլորտն է, որն արտացոլված է մարդկային բոլոր հարաբերություններում և օգնում է գործունեության արդյունավետությանը:

 

 

Ուսանողներին շնորհավորեց նաև կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա ապագա իրավապաշտպաններին խորհուրդ տվեց այնպես գործել, որ օրենքը ոչ թե սահմանափակի իրենց գործունեությունը, այլ լինի գործիք՝ պաշտպանելու մարդու իրավունքները. «Վստահեք արդարության ձեր զգացմանը: Եթե այն մի բան է ասում, իսկ օրենքը՝ մեկ այլ բան, փորձեք գտնել իրավական ճանապարհներ՝ հասնելու արդարության»: 

 

 

Կլինիկայի դասախոս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին և փաստեց, որ Իրավաբանական կլինիկայի դասընթացներին մասնակցած ուսանողները հնարավորություն են ստանում ոչ միայն զարգացնելու իրենց գործնական հմտությունները, այլև կանոնակարգված միջավայրում աշխատելու և թիմային  ջանքերով արդյունքի հասնելու փորձառություն են ձեռք բերում, ինչը շատ կարևոր է հետագա գործունեության համար:

 

 

Վկայագրերի հանձնման ավարտին ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին, կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանին, դասախոսներ Հայկ Ալումյանին և Տիգրան Մարկոսյանին՝ նրանց փոխանցելով շնորհակալագրեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում հայտնի «Ֆիդեմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։